«Մեզ մեղադրում են, որ մենք վաճառել ենք, հանձնել ենք, դա խորքում նշանակում է, որ մենք ջանքեր չենք գործադրել, որ պահպանենք ՀՀ կամ ԼՂ իրավունքը, և այդպես շարունակ: Այդ համատեքստում էր մեղադրանքը, եթե օբյեկտիվության հետ սահմանակցող մեղադրանք լինի, այն պետք է ուրիշ բանում լինի, որ մենք ժողովրդի հետ չենք խոսել ԼՂ հարցում մեր պատկերացումների, նկատի ունեմ` հայկական պատկերացումների և ցանկությունների իրականացման անհնարինության համար: Մեզ մեղադրում են մի բանում, որում մեղավոր չենք, մեզ չեն մեղադրում նրանում, որում ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի` ինչո՞ւ, քանի որ այս դեպքում մեղադրանքն ավելի կլղոզվի, պարզ կդառնա, որ այդտեղ մեղադրանքը անձնավորելը, հասցեականացնելը շատ ավելի բարդ է»,-այս մասին Հանրային Հ/Ը-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ ցանկացած իշխանություն որպեսզի ասի՝ այսինչ բանը չլինող է, պետք է դրան հաջորդի առաջարկ. «Հետեւաբար, ի՞նչ անենք մեք: Այս «հետեւաբար»-ի սոցիալ-հոգեբանական, ենթագիտակցական անհնարինություն է, որ մեզ դրել է այս վիճակի առաջ: Այդ անհնարինությունը նրա մասին չէ, որ նեգատիվ պրոցեսներ կսկսվեն Հայաստանում, անկայունություն կլինի: Սա չի խնդիրը, խնդիրն այն է, որ անձամբ ես, իշխանության ներկայացուցիչները, ՀՀ հազարավոր քաղաքացիներ խնդիր են ունեցել այդ ամենի ինչի հետ համակերպվելու հետ: Այնպես չէ, որ մենք ներքուստ հաշտվել ենք դրա հետ ու թաքցրել ենք հանրությունից: Ես ինքս չեմ հաշտվել դրա հետ, որովհետեւ դրա այլընտրանքը չի եղել: Հիմա պատկերացրեք, ասում ենք՝ սա է իրավիճակը, ժողովո՛ւրդ: Բայց առաջնորդի խնդիրն է առաջարկ ներկայացնելը: Ի՞նչ ենք անում, վերադարձնում ենք տարածքները, ԼՂ-ի ընթացիկ կարգավիճակը զրոյացնում ենք, ԼՂ ապագա կարգավիճակի վերաբերյալ ոչ մի որոշակիություն չկա, ավելին՝ որոշակի է այն, ինչն ընդունվել է միջազգային ամենաբարձր ատյաններում:
Այսինքն, ըստ էության, եթե ելնենք իմաստուն քաղաքական գործչի տրամաբանությամբ՝ 2019-ին արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը պետք է լիներ դա, որ 7 տարածքները պետք է հանձնել, ԼՂ ընթացիկ կարգավիճակը զրոյացնել, թե ինչու եւ ինչպես, հետագայում կասեմ: ԼՂ-ում պետք է հաստատվի մաքսիմում հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, եւ ԼՂ կարգավիճակի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչեւ ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն»,- ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ այս ամենից հետո գալիս է նաեւ 5-րդ հարցը. «Իսկ այս ամենից հետո ի՞նչ է լինելու: Օրինակ, Սեւ լճի իրադարձությունները լինելու են, թե ոչ, Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, Տեղի իրադարձությունները լինելո՞ւ են, թե ոչ: Հաջորդը, ըստ էության, պետք է առերեսվել 30 տարվա հայկական խոսույթը փլուզելու անհրաժեշտության առաջ եւ այդպես էլ չունենալով հարցի պատասխանը՝ այսպես ստացվեց, որովհետեւ հայկական իշխանությունը փլուզե՞ց հայկական տեսլականը, թե՞ ընդհակառակը, պետք է այդպես ստացվեր: Երբ ԱԺ-ում ասում էի, որ կունենայինք նույնն առանց զոհերի՝ այդպես էլ չհասկացա, թե ինչու աղմուկ բարձրացավ այդ հայտարարության վերաբերյալ, որովհետև ես սա նկատի ունեի»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել մի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծում. «Բոլոր տարբերակները, որոնք եղել են սեղանի վրա, մադրիդյան սկզբունքներից ի վեր, ենթադրել են ԼՂ հարցի չլուծում: Միայն մի տարբերակ է եղել 1999-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի եւ ԼՂ-ի փոխանակման տարբերակն էր: Այսինքն՝ Մեղրին հանձնվում է Ադրբեջանին, ԼՂ-ն միացվում է Հայաստանին: Մնացած ոչ մի տարբերակով ԼՂ հարցի լուծում չկար: Եվ սա, իմ ընկալմամբ, ինչ-որ առումով նաև հատուկ էր արված, որպեսզի ԼՂ հարցը՝ որպես մահակ, միշտ հնարավոր լինի պահել Հայաստանի Հանրապետության գլխին: Չգիտեմ, գուցե, ոմանք մտածում էին նաև` Ադրբեջանի գլխին»,-ասել է նա:










