Քաղաքացին բանկից կարող է 300․000 դրամ փոխհատուցում ստանալ, եթե բանկը խախտել է իր իրավունքը


Քաղաքացին բանկից կարող է 300․000 դրամ փոխհատուցում ստանալ, եթե բանկը խախտել է իր իրավունքը
Հոկտեմբեր 21 11:25 2023

«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի համաձայն, եթե բանկը խախտել է սպառողի օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան, առևտրային արբիտրաժ, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին

Իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշում է, որ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի գանձվում է 300.000 դրամ։

 
 

Նրա խոսքով` կան նաև բացառություններ։ «Հօգուտ սպառողի գումարը կգանձվի, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ կրեդիտավորողը ձեռնարկել է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները և փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, և սպառողի իրավունքի խախտման հետևանքով սպառողը փաստացի չի կրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը»,-օրենքը ներկայացնում է Սողոմոնյանը։

 
 

Իրավաբանը նշում է նաև, որ սա նշանակում է, որ երբ Ֆինանսական համակարգի հաշտարարը բողոքն ուղարկում է բանկ, ապա բանկն իրավունք ունի իր սխալն ուղղելու և չվճարելու 300․000 դրամը։

Iravaban.net-ը հայտնում է, որ այս օրենքի շրջանակներում կրեդիտավորող է համարվում բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը, վարկային կազմակերպությունը կամ գրավատունը, որը տրամադրում է կրեդիտ։ Կրեդիտը պարտավորության տարաժամկետ վճարման իրավունք, վարկ, փոխառություն, ֆինանսական վարձակալություն (լիզինգ) կամ որևէ այլ համաձայնություն կամ պայմանավորվածություն, որի նպատակը ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելն է։