|
Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկանց ցուցակները, որոնք նշանակալից դեր են ունեցել Արցախի կայացման գործում, այդ թվում՝ նախկին նախագահների, գեներալների, պատերազմի մասնակիցների։ Այդ ցուցակի դիմաց էլ Ադրբեջանը խոստացել է տրամադրել «հումանիտար միջանցք», որպեսզի արցախահայությունը դուրս գա Արցախից։ «Եթե Ադրբեջանը պահանջել է Արցախի պետականության կայացման գործում նշանակալից ավանդ ունեցող մարդկանց անունները, ապա պետք է պահանջեր 120 հազար մարդու անուն, որովհետև ողջ արցախահայությունը մեծ ավանդ է ունեցել Արցախի կայացման հարցում»,- նշել է Դավիթ Բաբայանը։ Ինչ վերաբերում է այս պահին Արցախում ստեղծված իրավիճակին, Դավիթ Բաբայանն ասել է․ «Մարդիկ աստիճանաբար վերադառնում են իրենց տներ, սակայն կրակի դադարեցումը հարցի լուծում չէ, քանի որ առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում»։ Հարցին՝ ծանր որոշումներ ասելով՝ նկատի ունի՝ Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Այնպիսի որոշումներ, որոնք չպետք է արատավորեն ազգի պատիվն ու արժանապատվությունը»։ |










