Կապանի օդանավակայանը կարժանանա Խոջալուի օդանավակայանի ճակատագրին․ կդառնա թանգարանային նմուշ․ Ադրբեջանի մեջլիսի պաշտպանության հանձնաժողովի նախագահը սպառնալիքներ է հնչեցրել


Կապանի օդանավակայանը կարժանանա Խոջալուի օդանավակայանի ճակատագրին․ կդառնա թանգարանային նմուշ․ Ադրբեջանի մեջլիսի պաշտպանության հանձնաժողովի նախագահը սպառնալիքներ է հնչեցրել
Օգոստոս 18 21:15 2023

«Կապանի  օդանավակայանին սպասում է Խոջալուի օդանավակայանի ճակատագիրը, այն կմնա որպես թանգարրանային նմուշ»,- ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, այսօր հայտարարել է Ադրբեջանի մեջլիսի պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը։

Ասկերովը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին ու հայտարարել, որ Կապանի օդանավակայանը շահագործելու հարցում «Հայաստանը Ադրբեջանից համաձայնություն չի ստացել»։

«Կապանի օդանավակայանը շատ մոտ է Ադրբեջանի դիրքերին․ օդանավակայանից թռիչք ու վայրէջք կատարելիս ինքնաթիռները կարող են խախտել Ադրբեջանի օդային տարածքը։ Մյուս կողմից էլ աբսուրդ է, որ Հայաստանը օդանավակայան է կառուցել մի պետության հետ սահմանին, որի հետ խաղաղության պայմանագիր չի կնքել։

Մինչև հիմա Հայաստանը, ելնելով անվտանգության նկատառումներից, մի քանի անգամ հետաձգել է Կապանի օդանավակայանի բացումը։ Բացի այդ,  բոլոր հիմքերը կան պնդելու, որ Հայաստանը այդ օդանավակայանը կօգտագործի ռազմական, ոչ թե քաղաքացիական նպատակներով»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան ու սպառնալիքներ հնչեցրել։

«Ադրբեջանը թույլ չի տա խախտել իր օդային տարածքը,   ուստի Կապանի օդանավակայանը կարժանանա Խոջալուի օդանավակայանի ճակատագրին, կմնա որպես թանգարանային ցուցանմուշ»։