Երևան–Գյումրի ավտոճանապարհին խոշոր ավտովթարը խլել է 11 մարդու կյանք. նոր մանրամասներ


Երևան–Գյումրի ավտոճանապարհին խոշոր ավտովթարը խլել է 11 մարդու կյանք. նոր մանրամասներ
Օգոստոս 14 10:51 2023

Երևան–Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու վիճակը ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

 
 

Նրա փոխանցմամաբ՝ գիշերն իրենց բժշկական կենտրոն 6 վիրավոր են բերել, սակայն 1 վիրավորի տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 
 
 

Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ 5 վիրավորներն էլ ունեն բազմաթիվ վնասվածքներ։

 
 

«Որոշների վիճակը ծանր է, մյուսներինը՝ ծայրահեղ ծանր։ Եթե կարողանանք ստաբիլացնել վիճակները և մասնագիտացված բժշկական օգնության ստանալու անհրաժեշտություն լինի, պետք է տեղափոխենք մասնագիտացված կլինիկաներ, բայց այս պահին դեռ վաղ է այդ մասին խոսել»,- նշեց բժշկական կենտրոնի փոխտնօրենը։

 

Արմեն Խաչատրյանը նաև ասաց, որ, ըստ տեղեկությունների, նրանք վերադառնում էին Արևմտյան Հայաստանից։

 

Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):

Վթարի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի, վիրավորվել՝ 6-ը։