Մեզ համար տարօրինակ է Արցախի ներկայիս կացության պայմաններում Հայաստանի ժողովրդի լռությունը, ավելի ճիշտ՝ անտարբերությունը. ինչի՞ եք սպասում. Արամ Ա-ն հանդես է եկել առաջարկներով


Մեզ համար տարօրինակ է Արցախի ներկայիս կացության պայմաններում Հայաստանի ժողովրդի լռությունը, ավելի ճիշտ՝ անտարբերությունը. ինչի՞ եք սպասում. Արամ Ա-ն հանդես է եկել առաջարկներով
Օգոստոս 13 15:13 2023

Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինն օգոստոսի 12-ին Լիբանանի հայկական Ս․ Աստվածածնի վանքի ուխտի օրվա առիթով մատուցված Պատարագի ընթացքում անդրադարձել է Արցախում ստեղծվածմարդասիրական ծանր իրավիճակին, ինչպես նաև ՀՀ իշխանությունների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամությանը:

Համայն աշխարհին արդար խաղաղություն մաղթելով՝ Արամ Ա-ինն ընդգծել է, որ շրջափակման ենթարկված Արցախում մեր ազգի զավակները սովամահ լինելու ամիջական վտանգի ենթակա են:

«Խորը մտահոգությամբ հետևում ենք Արցախում ներկայիս ճգնաժամային կացությանը: Շրջափակման ենթարկված Արցախում մեր ազգի զավակները սովամահ լինելու ամիջական վտանգի են ենթակա», - ասել է Արամ Ա-ն՝ Արցախի հարցով հայրապետական պատգամն ուղղելով հինգ հասցեներով:

«Մեր առաջին պատգամն ուղղված է Հայաստանի իշխանությանը: Կանդրադառնանք արդյոք, թե Արցախի գծով Հայաստանի որդեգրած մոտեցումները Արցախը կարող են ջնջել հայ կյանքի քարտեզից և ցեղասպանության մատնել 120,000 հայորդիներ՝ միաժամանակ վտանգելով նաև Հայաստանի ապագան: Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հողային ամբողաջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը:  Ինչպե՞ս կարելի է այսպես կոչված (տարածաշրջանում) «ամբողջական խաղաղության» հաստաստման ի խնդիր պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ գոյությունը», - ասել է Արամ Ա-ն:

Ըստ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի՝ Հայաստանն ու Արցախը շրջապատող ներկա վտանգավոր պայմաններում, երբ աշխարահաքաղաքական նոր զարգացումներ են տեղի ունենում, առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանը բարեկամության ու ենթակայության, իր և ուրիշների շահերի սահմանները հստակորեն զատորոշող դիրքորոշումներ որդեգրի և աչալուրջ լինի՝ Հայաստանը վերածելու Արևելքի և Արևմուտքի լարվածության հարթակի, որի հետևանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար: 

«2-րդ՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հարկ է, որ Հայաստանը դուրս գա պարտված լինելու հոգեվիճակից և սոսկ զիջումներ կատարելու կացությունից: Ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցություններն Ադրբեջանի հետ, մինչև որ վերջ կդրվի Արցախի շրջափակմանն Ադրբեջանի կողմից: Հարկ է շարունակ հիշեցնել բոլորին, որ, մարդասիրական աղետ ստեղծելով քաղաքական շահեր հետապնդելը, համամարդկային ոճիր է և հակառակ միջազգային օրենքին:

3-րդ՝ ճիշտ է՝ հարկ է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին: Անհրաժեշտ է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ՝ միշտ ելնելով պատմականորեն հաստատված և միջազգային ճանաչում ստացած Լեռնային Ղարաբաղի ինքավար կարգավիճակից: Այլ կերպ ասած՝ պետք է մերժել որևէ մոտեցում, որն Արցախը կներկայացնի Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժանելի մաս: Հետևաբար, կուզենք կարևորությամբ շեշտել, որ Արցախի շրջափակման վերջ տալը և Արցախի ինքնորոշման կարգավիճակը առավել շեշտավորմամբ միջազգային հարթակ բերելը պետք է դառնա Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականության կիզակետը՝ համահայկական հրամայականի լույսի ներքո:

Ներկայիս ճաակատագրական պայմաններում՝ որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՝ մեր առաջարկն է, որ ստեղծվի իշխանության, ընդդիմության և Սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած, քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառություն ունեցող մարմին՝ ունենալով համայն հայության աջակցությունը և վստահությունը, ամբողջական պատասխանատվություն ստանձնի մեր պատմության այս ճակատագրական հանգրվանում՝ բանակցություններ կվարելու Ադրբեջանի հետ՝ բնականաբար նոր ոճով և մոտեցմամբ»,-ասել է կաթողիկոսը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի երկրորդ պատգամն ուղղված է Հայաստանի ժողովրդին. «Մեզ համար տարօրինակ է Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողովրդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր եղբայրներն ու քույրերը, երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում, փողո՛ց իջեք, ինչի՞ եք սպասում, աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից ու տեսակետներից: Ձեր ժամանակը մի՛ վատնեք ապառողջ քննադատությունների, փոխադարձ մեղադրանքների վրա՝ բացված ճեղքերն ավելի խորացնելով: Ոտքի՛ ելեք, արդարությո՛ւն պահանջեք աշխարհից: Հայաստանի մեջ կյանքը չի կարող բնական լինել, երբ Արցախում մեր ժողովրդի կյանքը ծայրահեղորոեն անբնական է: Մեր ազգի հավաքականությունն ու միասնականությունը ցո՛ւյց տվեք գործնապես»,- ասել է նա: