Հայկ Մարությանը ոչ սև է, ոչ՝ սպիտակ, անգույն է․ Հովիկ Աղազարյան


Հայկ Մարությանը ոչ սև է, ոչ՝ սպիտակ, անգույն է․ Հովիկ Աղազարյան
Օգոստոս 10 19:20 2023

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ռազմական գործողություններից անմիջապես հետո կուսակցությունից դուրս եկավ՝ մտածելով, որ ամեն ինչ կործանված է․ նա փորձեց իր կաշին փրկել, News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Անդրադառնալով Երևանի ավագանու նախորդ ընտրություններին, երբ Հայկ Մարությանը հասարակությանը սևերի և սպիտակների էր բաժանել, նաև հարցին՝ այժմ նրան իշխանականները դիտարկում են որպես սև՞, թե՞ սպիտակ, Աղազարյանը պատասխանել է. «Հայկ Մարությանը ոչ սև է, ոչ՝ սպիտակ, անգույն է»:

Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ՝ Մարությանը լուրջ մրցակից չէ. «Իր պահվածքը պատերազմի ավարտից հետո շատ բացասական տպավորություն է թողել ինչպես մեր կուսակցական ընկերների, այնպես էլ մեր համակիրների շրջանակներում: Հետևաբար, նրա առաջադրումը որպես քաղաքապետի թեկնածու էլ ավելի կհամախմբի մեր կուսակցական գործընկերներին և համակիրներին, մի ուրիշ մակարդակով էլ կմոտիվացնի, և սա դրական ազդեցություն կունենա մեր ձայների աճման դինամիկայի վրա: Մեր թեկնածուի ձայներից որևիցե մեկը չի կարող տանել, որովետև մեր թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, մեր կուսակցության կողմից ընտրված թեկնածու է և կուսակցականների մոտ վայելում է բացարձակ հարգանք»:

Ճշտող հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո Մարությանն ի՞նչ պահվածք է ցուցաբերել, Հովիկ Աղազարյանը պատասխանել է․

«Ռազմական գործողություններից անմիջապես հետո նա կուսակցությունից դուրս եկավ՝ մտածելով, որ ամեն ինչ կործանված է․ նա փորձեց իր կաշին փրկել»:

Անդրադառնալով այն սոցհարցումներին, որ ՔՊ-ի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, բավականին ցածր վարկանիշ ունի և հարցին՝ արդյոք դա կուսակցությանը չի անհանգստացնո՞ւմ, Աղազարյանն արձագանքել է. «Ծանոթ չեմ այդ սոցհարցումներին»:

Նրա խոսքով՝ հասարակությունը գնահատում է Ավինյանի աշխատանքը:

Հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ դերակատարում ունենալո՞ւ է քարոզարշավի ընթացքում, ՔՊ խխմբակցության պատգամավորը պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանը այն վարչության նախագահն է, որը որոշել է Տիգրան Ավինյանի թեկնածությունը․ թե ինչպիսի մասնակցություն կունենա, ես չեմ կարող ասել»: