Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը համերգներ կտա Եվրոպայում և Ավստրալիայում


Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը համերգներ կտա Եվրոպայում և Ավստրալիայում
Օգոստոս 10 18:00 2017

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը համերգներ կտա Եվրոպայում և Ավստրալիայում։

Ինչպես տեղեկանում ենք շանսոնյեի ֆեյսբուքյան պաշտոնական էջից՝ հոկտեմբերի 4-ին նա համերգ կտա Սիդնեյում՝ Hordern Pavilion-ում, նոյեմբերի 13-ին՝ Միլանի Arcimboldi թատրոնի շենքում, դեկտեմբերի 9-ին՝ Վիեննայի «Վիներ Շտադթհալե» համերգասրահում, դեկտեմբերի 13-ին՝ Փարիզի սպորտի պալատում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյեն ամիսներ առաջ Մոսկվայում կայանալիք մենահամերգի նախաշեմին հյուրընկալվել էր ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հումորային հեռուստաշոուին:

«Հայաստանն օգնության կարիք ունի: Դա մի փոքր երկիր է՝ շրջապատված թշնամական ու բարեկամական պետություններով: Ես կուզենայի, որ այն շրջապատված լիներ միայն բարեկամներով»,-ասել էր Ազնավուրը:

Հիշեցնենք, որ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանած Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը մայիսի 31-ին այցելել էր Տաթևի վանական համալիր։

Նշենք, որ Ազնավուրն իր բեղուն կարիերայի ընթացքում գրել է 800-ից ավելի երգ ու ամբողջ աշխարհում վաճառել ավելի քան 180 մլն ձայնասկավառակ: Նրան հաճախ անվանում են «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա»: