Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Բորել


Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Բորել
Հուլիս 27 00:53 2023

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են մոտ ժամանակներս երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

 

 

 

«Եվրամիությունը խորապես մտահոգված է «նախկին ԼՂԻՄ–ի» (Արցախի – խմբ․) բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Լաչինի միջանցքով երթևեկությունը խոչընդոտվել է ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին:

 

 

Դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները բավարար չեն կամ սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են մոտ ապագայում երաշխավորել Լաչինի միջանցքի անվտանգությունն ու ազատ տեղաշարժը և կանխել ճգնաժամի հետագա սրումը։

 

 

Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ նաև Աղդամ քաղաքով ապրանքներ առաքելու վերաբերյալ։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում խիստ տուժել է և կոչ է անում վերսկսել դրանք՝ ներառյալ բժշկական տարհանումը և մարդասիրական օգնության առաքումը: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից։

 

Եվրամիությունը և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ակտիվորեն մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի/«Խանքենդի» միջև երկխոսության խթանմանը։ Այն նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հանձնառությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագայի նկատմամբ», - ասվում է Բորելի հայտարարության մեջ: