Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտների մասին։
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
«Մենք հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով։ Արդյունքը եղավ համապարփակ փաստաթուղթ, ըստ որի՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որը գնալու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղիով և, հիմնվելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա՝ սահմանում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանի հատման ընթացակարգի հիմնական մոտեցումները։ Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այս ճանապարհի առանձին հատվածները կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում գտնվում են։ Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է քննարկվի։
Նորագույն պատմության ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կապեր չեն եղել, եղել է պատերազմ, որը դադարեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ։ Սակայն երկու երկրների սահմանին դեռևս զինված բախումներ են տեղի ունենում և մարդիկ են զոհվում։ Իհարկե, իմ գործընկերների համար շատ դժվար է աշխատել նման միջավայրում, բայց նրանք զգում են իրենց պատմական պատասխանատվությունն այն որոշման համար, որը մեր պետությունների ղեկավարները վստահել են մեզ զարգացնել, և նրանք շարունակում են աշխատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։
Աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և սկսել խոսել տրանսպորտային կապերի վերականգնման մասին՝ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե անմիջապես հետո։ Մեր դեպքում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով մարդիկ և ապրանքները կտեղափոխվեն, կսկսվի բնականոն կյանքը, առևտուրը և աստիճանաբար անցյալի դժգոհությունները հետին պլան կնահանջեն։
Ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ։ Ինչպե՞ս են նրանք շփվելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս։ Սա է այսօր գլխավոր հարցը, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել այնպես, որ վստահ լինենք, որ այլ երկրի տարածքում այս մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Եվ իհարկե, բոլորիս վրա անդրադառնում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին։ Շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեցվեին։
Ուստի կողմերը դադարներ են անում, ներգրավում են փորձագետներ, ցանկացած առաջարկ և որոշում ենթարկում են շատ մանրակրկիտ և ստուգված վերլուծության, որպեսզի ամեն ինչ իսկապես աշխատի այնպես, ինչպես պետք է լինի այն երկրների միջև, որոնք, հուսանք, թևակոխում են հարաբերությունների նոր խաղաղ փուլ։
Փաստաթղթի նախագիծը ձևավորվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև հիմնական հարցի վրա՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ պետք է աշխատել։ Իհարկե, այսօր շատ բան կարելի է անել՝ հիմնվելով տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, և այդպիսի լուծումներ կան, բայց դրանք, երբ սկսում ես դրանք վերլուծել, այնքան էլ չեն համապատասխանում մեր իրավիճակին։
Եվրասիական միջկառավարական խորհրդի ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն ինձ կընդունի՝ իր հետ այս տարակարծությունները քննարկելու համար։ Նա շատ մանրամասն անդրադարձավ եռակողմ խմբի հանդիպումից հետո մնացած բոլոր հարցերին։ Շատ բան հստակեցված է, բայց ինչ-որ բան դեռ մնում է և պահանջում է հետագա քննարկում ադրբեջանական կողմի հետ։
Դուք հարցրեցիք, թե երբ է լինելու ապաշրջափակումը, այս հարցին դեռ ոչ ոք հստակ պատասխան չի տա։ Հետո, երբ կպայմանավորվենք, կստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել այս երկաթուղու վերականգնման մասին, որը կար խորհրդային տարիներին և շահագործվում էր և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների կողմից։
Հայաստանի ղեկավարությունը ձգտում է հնարավորինս արագ ապաշրջափակվել. նմանատիպ մտահոգություն ունի նաև Ադրբեջանի ղեկավարությունը, որը նույնպես ձգտում է հնարավորինս արագ ուղիղ և հարմարավետ տրանսպորտային կապեր ստանալ իր երկրի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Բացի այդ, ակնհայտ է, որ երկաթուղին ավելի հեռուն կգնա դեպի Իրան և Թուրքիա, ինչն այն կդարձնի Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային ուղիներից մեկը։ Բայց, իհարկե, հանուն փաստաթղթի ստորագրման արագության, ոչ ոք երկրորդ պլան չի մղի մարդկանց ու ապրանքների անվտանգությունը, որոնք կշարժվեն այս ճանապարհով։ Սա շատ կարևոր կետ է, որը դեռ թույլ չի տալիս պատասխանել այն հարցին, թե երբ տեղի կունենա ապաշրջափակումը»:
Փոխվարչապետերի եռակողմ վերջին հանդիումից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե ապաշրջափական դեպքում Հայաստանի տարածքում սահմանային ծառայությունը պետք է իրականացնի Հայաստանը: Մինչդեռ Բաքուն պնդում է, որ Հայաստանի տարածքում ռուս սահմանապահներն են հսկելու ճանապարհը:










