Լիբանանահայ ներդրողները ցանկանում են Հայաստանում տնային տեքստիլի (home textile)՝ սրբիչների, խալաթների արտադրություն հիմնել։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ հունվարի 27-ին, հանդիպել է լիբանանահայ Նազարյանների ընտանիքի հետ։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հայտնում են, որ ընկերությունն այս ոլորտում գործունեության հարուստ փորձ ունի տարբեր երկրներում։ Գործարարները նախարարին են ներկայացրել իրենց հետագա պլանները։
Նազարյանները Սուրեն Կարայանի հետ քննարկել են նաև հարկային, մաքսային, հումքի ներմուծման հետ կապված խնդիրները։ Նախարար Սուրեն Կարայանը վստահեցրել է գործարարներին, որ պետությունը աջակցության իր ողջ գործիքակազմով գործարարների կողքին է և կօգնի լուծել իրենց առջև ծառացած խնդիրները։ Սուրեն Կարայանը հույս է հայտնել, որ ընկերությունը հնարավորինս շուտ կգործարկի արտադրությունը: Գործարարներին իրենց հերթին նշել են, որ պլանավորում են հիմնել և սկսել արտադրությունը 2017 թվականին:










