Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և հանձնաժողովը արդեն իսկ հասցրել են բազմաթիվ նիստեր և քննարկումներ ունենալ և որոշումներ կայացնել տարբեր հարցերի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ամփոփելով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի աշխատանքները։
«Այս գործընթացն առանձնանում է նրանով, որ որդեգրվել է նոր մոտեցում` ստեղծվել է երկու մարմին՝ խորհուրդը հասարակական-քաղաքական որոշումներ կայացնելու համար, որում ընդգրկված են տարբեր շահագրգիռ մարմինների, քաղաքական, այդ թվում` արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մյուսը՝ հանձնաժողովը՝ որպես մասնագիտական մարմին` կազմված փորձառու իրավաբաններից խորհրդի կողմից որոշված ուղղությունների շրջանակներում մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու և սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և նախագիծը մշակելու համար: Բացի այդ, խորհուրդը և հանձնաժողովը աշխատում են խիստ թափանցիկության պայմաններում` ժողովրդավարական աննախադեպ գործիքների կիրառմամբ` ապահովելով խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստերի ուղիղ հեռարձակումը»,- ասաց Մինասյանը։
Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ քննարկումների ժամանակ որոշում է ընդունվել խորհրդարանական կառավարման ձևը ընտրել որպես հայեցակարգային ուղղություն:
«Խորհուրդը քննարկել է նաև նախագահի ինստիտուտին և սահմանադրական կարգի հիմունքներին առնչվող մի քանի կարևոր հիմնախնդիրներ: Արդյունքում որոշվել է նախագահի ինստիտուտի վերաբերյալ ներկայիս կարգավորումները հիմնականում թողնել նույնը՝ մի քանի փոփոխություններով»,- եզրափակեց Մինասյանը։










