Արևմուտքից Փաշինյանին հորդորել են ՀԱՊԿ-ից դուրս չգալ.«Հրապարակ»


Արևմուտքից Փաշինյանին հորդորել են ՀԱՊԿ-ից դուրս չգալ.«Հրապարակ»
Դեկտեմբեր 30 11:00 2022

Հայ-ռուսական հարաբերությունները կրկին սրացման փուլ են մտել։ Սկզբում իշխանական ցածր էշելոններն էին Լաչինի միջանցքի մեղքը բարդում ՌԴ-ի, ռուս խաղաղապահների վրա։ Հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց ճնշումների մասին, իսկ երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց. «Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ-ում, ապա պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում` ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»։ 2 դեպքում էլ ռուսական կողմից պատասխանը չուշացավ, Գրիգորյանի հայտարարությունը ՌԴ նախագահի խոսնակը «սադրիչ» որակեց, Փաշինյանին էլ լուսավորեց. ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու եւ միջազգային ուժերի ներգրավման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը:

 

 

«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե կա հակամարտության 2 կողմերի համաձայնությունը։ Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ադրբեջանի մասին է»,- հայտարարեց Պեսկովը։ Քաղաքական շրջանակներն անհանգստացած են այս լարումից, նման իրավիճակ մեկ էլ 2020-ի պատերազմից առաջ էր։ Ի դեպ, իշխանական որոշ աղբյուրներ պնդում են, որ Փաշինյանն ուլտիմատում է դրել Պուտինի առջեւ՝ կա՛մ բացում են Լաչինի ճանապարհը, կա՛մ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։

 

Սակայն մեր աղբյուրները հաղորդում են, որ Փաշինյանն անցած շաբաթ Ջերմուկում դեսպանների հետ հանդիպմանը խոստովանել է, որ Մակրոնն իրեն զգուշացրել է դուրս չգալ ՀԱՊԿ-ից` իրենք չեն կարող ստանձնել ՀՀ երաշխավորի դերը, իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցն էլ հավելել է, որ նման հորդոր փոխանցել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։



loading...