Սերժ Սարգսյանը ցավակցել է Հակոբյանների ընտանիքին


Սերժ Սարգսյանը ցավակցել է Հակոբյանների ընտանիքին
Հուլիս 25 17:32 2017

Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 25-ին, ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

«Ցավով տեղեկացա ճանաչված հաղորդավար, ասմունքող, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահվան մասին:

Վերա Հակոբյանը, որպես հաղորդավար, նշանակալի ավանդ է ներդրել Հայաստանի ռադիոյի կայացման և զարգացման գործում`արժանիորեն մեծ ժողովրդականություն վայելով ունկնդիրների շրջանում: Որպես ասմունքող՝ նա տարիներ շարունակ հայ պոեզիայի գոհարները մատուցել է Հայաստանի և սփյուռքի բեմերից»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին 89 տարեկանում կյանքին հրաժեշտ է տբել ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Երեւանի Այգեձոր 3 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 26-ին, ժամը 12:00-ից 13:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: