Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու հարց չկա: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը.
«Այս պահին նման հարցով քննարկում չենք ունեցել, բայց չեմ բացառում, որ առաջիկայում դա կլին մեր օրակարգում: Այս պահի դրությամբ որոշում չկա, եթե որոշում կայացվի, լրատվամիջոցները կտեղեկացվեն դրա մասին, դեռևս մեր օրակարգում էլ չկա նման հարց »,-ասաց նա:
Նշենք, որ Թագուհի Թովմասյանն այս պահին միակ ընդդիմադիր պատգամավորն է, որը պաշտոն է զբաղեցնում ԱԺ-ում: ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու ՔՊ-ի որոշումից հետո, ընդդիմադիր բոլոր պատգամավորները , ի համերաշխություն իրենց գործընկերների, հրաժարվեցին ԱԺ հանձնաժողովների նախագահի և փոխնախագահի իրենց պաշտոնից, սակայն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար հրաժարվեց թողնել իր պաշտոնը և հայտարարեց, որ շարունակելու է պաշտոնավարել որպես հանձնաժողովի անկախ նախագահ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում, սակայն, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանն ընդգծել էր, որ «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի:










