«Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը հրաժեշտ տվեց մայրաքաղաքին


«Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը հրաժեշտ տվեց մայրաքաղաքին
Հուլիս 17 14:08 2017

Երևանի կինոտոնն անցած ճանապարհի տարեգրությունն ավելացրեց ևս մեկ տարով: Միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ և բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ ուղեկցված 14-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը: Փառատոնի հաղթողներն ստացան իրենց մրցանակները, Շառլ Ազնավուրի անվան հրապարակը համալրվեց անվանի հայ կինոգործիչների անունը կրող նոր աստղերով՝ հավերժացնելով կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, ՅուրիԵրզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը: Սիրված փառատոնը հաջորդ տարի իր հանդիսատեսին կներկայանա հոբելյանական ծրագրով:

Հայաստանի մշակութային կյանքին աշխուժություն հաղորդած փառատոնն անցավ ոչ միայն կինոցուցադրությամբ, այլև՝ վարպետության դասերի հարուստ ծրագրով: Հանդես եկան ճանաչված կինոգործիչներ Բորիս Խլեբնիկովը (ռեժիսոր, Ռուսաստան), ԻլդիկոԷնյեդին (ռեժիսոր, Հունգարիա), Ռուի Նուգեիերան (կինոպատմաբան, Ֆրանսիա), Սիռո Գեռան (ռեժիսոր, Կոլումբիա), Թոմ Մքսորլի (կինոքննադատ, Կանադա) և այլք:

«Ցանկացած ծրագիր, մինչև կյանքի իրավունք ստանալն անցնում է որոշակի ճանապարհ: Բարդ ու նաև կարևոր առաքելություն ստանձնած «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ապրել է մի ամբողջ պատանեկություն և մտել հասունության փուլ: Տասնչորս տարվա տարեգրություն ունեցող, աշխարհի առջև բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող ազգերի համար: Այս կինոտոնը նաև ստեղծագործական մտքի, հույզերի, աշխարհընկալումների կամուրջ է, գեղարվեստական մտածողության հարթակ և ինքնատիպ անձնագիր՝ Հայաստանի համար: «Ոսկե ծիրանի» ակունքներում կանգնած, հարուստ տարեգրություն ստեղծած կազմակերպիչներին մաղթում եմ նոր ուժ ու եռանդ՝ հետագա աշխատանքների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից հիմնադրված «Եղիցի լույս» հատուկ մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ հայկական կինոյում ունեցած մեծավանդի համար։

Փառատոնը նշանավորվեց հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ նաև:

«Ոսկե ծիրանի» շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Ռուբեն Գևորգյանցի հիշատակին: «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի հանդիսատեսը դիտեց նրա «Բարի հետք» ֆիլմը:

14-րդ «Ոսկե ծիրանը» ներկայացրեց նաև «Ֆրանսիական կինոյի օր», «Գերմանական կինոյի օր», «Լեհական կինոյի օր» ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ: Իսկ «Երևանյան պրեմիերաների»շրջանակում հանդիսատեսը դիտեց Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոների մրցանակակիր ֆիլմեր:

Մեկշաբաթյա կինոտոնը եզրափակվեց: Փառատոնի կազմակերպիչները նախատեսում են հաջորդ տարի հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրանը» ներկայացնել առավել յուրահատուկ ու նոր ծրագրերով:

Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: