«Ցարիցինո» մսամթերքի կոմբինատը» դրսեւորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Հանձնաժողովի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ իրականացնել գովազդային շուկայում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատի» կողմից հեռարձակվող գովազդը պարունակում է անբարեխիղճ մրցակցության տարրեր, քանի որ այն մի կողմից կարող է մոլորեցնել սպառողներին՝ տնտեսվարողի կողմից առաջարկվող արտադրանքի վերաբերյալ, իսկ մյուս կողմից վնասել նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների շահերին:
Հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է, որ տնտեսվարողը պարտավոր է օրենքի պահանջին համապատասխան, գովազդվող ապրանքի վերաբերյալ ապառողին տրամադրել միայն ամբողջական, հավաստի եւ լիարժեք տեղեկատվություն՝ առանց վնասելու մրցակիցների շահերին:
«Ցարիցինո» մսամթերքի կոմբինատի» գովազդում սպառողներին տեղեկացվում է, որ իրենց «արտադրանքի համն անկրկնելի է եւ սպառողները պարզապես այլընտրանք չունեն, քանի որ այլ տարբերակ չկա եւ չի կարող լինել»:
Տնտեսվարողները պետք է զերծ մնան գովազդում գերադրական աստիճան արտահայտող բառերի օգտագործումից: Օրենքի խախտման եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար ««Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ընկերությունը ենթարկվեց պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում:










