Սահարա անապատում ձյուն է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)


Սահարա անապատում ձյուն է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)
Հունվար 19 00:56 2022

Սահարա անապատը ծածկվել է ձյունով։ Այս տարածքի համար ոչ տիպիկ տեղումներ են գրանցվել Ալժիրի Այն-Սեֆրա քաղաքում, գրում է Daily Mail-ը։

Ավազաթմբերի վրա ձյուն է տեղացել այն բանից հետո, երբ գիշերը օդի ջերմաստիճանն իջել է մինչև մինուս 2 աստիճան Ցելսիուս։ Ականատեսների վկայությամբ՝ տեղումները գեղեցիկ նախշեր են կազմել ավազի վրա։ Այն-Սեֆրան, որը հայտնի է որպես «անապատ տանող դարպաս», գտնվում է ծովի մակարդակից մոտ 1000 մետր բարձրության վրա և շրջապատված է Ատլասի լեռներով։ Հունվարին տարածաշրջանը բնութագրվում է ավելի տաք եղանակով՝ միջինը +14 աստիճան Ցելսիուս:

Այնուամենայնիվ, անոմալ ցուրտը վերջին 42 տարվա ընթացքում հինգերորդ անգամ է տիրել Սահարային. նմանատիպ դեպքեր գրանցվել են 1979, 2016, 2018 և 2021 թվականներին: Անապատը, որը ծածկում է Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը, վերջին մի քանի հարյուր հազար տարիների ընթացքում ենթարկվել է կլիմայական տարբեր փոփոխությունների:

Գիտնականները չեն բացառում, որ 15 հազար տարի անց տարածքը կծածկվի կանաչ բույսերով։