Ո՞նց կարող էր չվախենալ. 8 ժամից ավելի գերության մեջ պահված հովիվն արդեն տանն է, բայց անասուններին ադրբեջանցիները դեռ չեն վերադարձրել. Հովսեփյան


Ո՞նց կարող էր չվախենալ. 8 ժամից ավելի գերության մեջ պահված հովիվն արդեն տանն է, բայց անասուններին ադրբեջանցիները դեռ չեն վերադարձրել. Հովսեփյան
Հունվար 14 14:04 2022

Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ երեկ գերեվարված 53-ամյա բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը արդեն տանն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

Հովիվը ադրբեջանական կողմում է մնացել 8,5 ժամ։ Նրան գերեվարել են ժամը 13.00-ին ու ադրբեջանցիները երեկոյան ժամը 21.30-ին նրան վերադարձրել են ռուս խաղաղապահներին։ Հովսեփյանը մշտական կապի մեջ է եղել հովվի ընտանիքի ու հարազատների հետ։

«Գյուղի վերևում է եղել։ Կապի մեջ ենք եղել։ Տեղի նախկին, ներկա ղեկավարները հաղորդել են ռուսներին, ես գնացել եմ Կարմիր խաչի գրասենյակ, այդտեղ էլ տեղեկացրել։ Սուրիկ Մաթևոսյանն իրենց տանն է հիմա։ Իմ տեղեկություններով, ֆիզիկական բռնության հետքեր չկան նրա վրա, նորմալ է։ Ո՞նց կարող էր չվախենալ, այս պահին ամեն ինչ նորմալ է, այսօր նրան կայցելեմ»,- ասաց Հովսեփյանը։

Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավարը տեղեկացրեց նաև, որ ադրբեջանցիները, սակայն գողացված մոտ 1000 ոչխարներին դեռ իրենց չեն հանձնել։

«Անասուններին դեռ չեն փոխանցել, բայց պայմանավորվածություն կա, որ ոչխարներին էլ վերադարձնեն։ Չեն փոխանցել, կարծում եմ եղանակային պայմանների պատճառով»։

Հիշեցնենք, որ երեկ կեսօրից հետո ադրբեջանցիներն առևանգել են հովվին, քշել–տարել են նաև նրա հոտը։ Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը ոչխարներն արածեցնելու ժամանակ է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։

Դեպքի մասին տեղյակ են պահվել ռուս խաղաղապահները, ընթանում էին բանակցություններ։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանին երեկ երեկոյան ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին։



loading...