Պորտուգալիայի նախագահը երկրորդ անգամ վետո է դրել էվթանազիան թույլատրող օրենքի վրա


Պորտուգալիայի նախագահը երկրորդ անգամ վետո է դրել էվթանազիան թույլատրող օրենքի վրա
Նոյեմբեր 30 23:43 2021

Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզան երկրորդ անգամ վետո է դրել էվթանազիան թույլատրող օրենքի վրա՝ փաստացի հետաձգելով օրենքը մինչեւ նոր խորհրդարանական ընտրությունները, փոխանցում  է Reuters-ը։

Խորհրդարանը կարող է փոփոխել օրենսդրությունը կամ չեղարկել նախագահի վետոն, սակայն քիչ հավանական է, որ ժամանակ կունենա դա անելու համար  նախքան հունվարի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունները։

Օրենսդիրներն առաջին անգամ օրենք են ընդունել էվթանազիան օրինականացնելու մասին հունվարին, սակայն Ռեբելո դե Սոուզան խնդրել է սահմանադրական դատարանին գնահատել օրենքի «չափազանց անորոշ հասկացությունները»:

Վերանայված օրենքի համաձայն՝ մարդկանց կթույլատրվի մահանալու համար օգնություն խնդրել անբուժելի հիվանդության դեպքում կամ եթե նրանք ունեն «լուրջ վնասվածք, մշտական ​​եւ ամբողջական հաշմանդամություն, որը մարդուն կախված է դարձնում երրորդ անձից կամ տեխնոլոգիայից հիմնական գործառույթներն իրականացնելու համար»:

Սակայն  նախագահն ասում է, որ օրենքում չափազանց շատ տերմիններ կան, այդ թվում՝ «մահացու հիվանդություն», «անբուժելի հիվանդություն» եւ «լուրջ հիվանդություն», եւ այն կրկին ուղարկել է  խորհրդարան, որը նա պետք է ցրի առաջիկա օրերին: