«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս գիշեր Apple ընկերության կողմից նախազգուշական նամակներ են ստացել ՀՀ մոտ երկու տասնյակի քաղաքացիներ, որով ծանուցվել են իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր ներբեռնվելու մասին։ Նրանք հասարակական-քաղաքական գործիչներ են, որոնց թվում ոչ միայն ընդդիմադիրներ են, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած անձինք։ Սա նշանակում է, որ Փաշինյանը չի վստահում անգամ իր թիմակիցներին։ Սա մեծ իրարանցում է առաջացրել հենց թիմի ներսում, որոնք ստացել են այդ նամակները։
Հայտնի է դարձել, որ Հայաստանի իշխանությունները Pegasus լրտեսական ծրագրով փորձել են գաղտնալսել Արթուր Վանեցյանին։ Այս մասին հայտնել է անձամբ Վանեցյանը՝ հրապարակելով ստացած նամակը, որտեղ Apple ընկերությունը հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս։
Նշենք, որ իսրայելական NSO Group-ը վստահեցրել էր, որ ծրագիրը տրամադրվել է միայն մարդու իրավունքները հարգող պետություններին՝ ռազմական, իրավապահ և հետախուզական մարմիններին, սակայն խումբը ունի պետական հաճախորդներ, կամ, ինչպես ասում է Apple-ը, այն «հովանավորվում է պետության կողմից»:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել է, որ «Pegasus-ը ծրագիրը իսրայելական NSO Group-ը վաճառում է միայն պետական կառույցներին։ «Շատ լուրջ, վատ և վտանգավոր ծրագիր է։ Դրանով հեռախոսը վարակելը շատ հեշտ է»,- ասել է նա ու ավելացրել, որ այն բավականին թանկ ծրագիր է, խոսքը վերաբերում է մեկ թիրախի համար մի քանի տասնյակ հազար դոլարներ ծախսելուն՝ կախված այն բանից, թե թիրախն ինչքան զգուշավոր է։
Ըստ նրա, այն եղած ծրագրերից ամենավտանգավորն է։ Ստանում է ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև գաղտնալսելու, կամերան, դիկտոֆոնը միացնելու, ֆայլեր, նկարներ գողանալու հնարավորություն։
Մամուլում արդեն վաղուց է տեղեկություններ շրջանառվում, որ Փաշինյանի իշխանությունը 7 մլն դոլար է ծախսել՝ «Pegasus» համակարգը ձեռք բերելու համար, ինչն այսօր արդեն հաստատվում է։ Փաստացի, կառավարությունը՝ ուղղակի կամ անուղղակի ձեռք բերելով համակարգը, առաջնային է համարել գաղտնալսել որոշ անձանց կամ շրջանակի ՝ ստորադասելով ՀՀ պետական շահը։ Իշխանությունը որոշել է չկահավորել դիրքերը, կամ լուծել օրինակ՝ պատերազմի հետևանքով տեղահանվածների հարցը, փոխարենը նախընտրել է գաղտնալսել հասարակական, քաղաքական գործիչներին, անգամ իր թիմակիցներին։