Հուսանք՝ հոգեւոր առաջնորդների հանդիպումը կնպաստի հայ գերիների վերադարձին եւ հումանիտար այլ հարցերի լուծմանը. Մայր Աթոռ


Հուսանք՝ հոգեւոր առաջնորդների հանդիպումը կնպաստի հայ գերիների վերադարձին եւ հումանիտար այլ հարցերի լուծմանը. Մայր Աթոռ
Հոկտեմբեր 13 22:56 2021

Հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը թվով 17-րդն էր՝ 1988թ-ից նման հանդիպումներ պարբերաբար տեղի են ունեցել, որոնց առանցքում Արցախյան հարցն ու պատերազմի հետեւանքով առաջացած մարտահրավերներն են եղել, քննարկվել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, սահմանից դիպուկահարներին ետ քաշելու, գերիների վերադարձի, անհետ կորածների ճակատագրի ճշգրտման վերաբերյալ հարցեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հանդիպմանը:

«Սա եղել է այն հարթակը, որտեղ բարձրաձայնվել են Արցախի ժողովրդի անվտանգության վերաբերյալ հարցերը, այն ճշմտարությունները, որոնք առկա են Արցախյա հարցի հետ, այն հարթակն է, որտեղ նման քննարկումների միջոցով փորձ է արվել լուծումներ գտնել, եւ ժամանակը ցույց է տվել, որ տարբեր տարիների հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի դրական ազդեցություն ունեցել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում: Մենք հույս ունենք եւ ակնկալում ենք, որ այս հանդիպումը կնպաստի բարձրացված խնդիրների, հատկապես՝ գերիների վերադարձի եւ անհետ կորածների ճակատագրի հստակեցման հարցերի լուծմանը, թե ինչքանով դա իրականություն կդառնա, գուշակել չենք կարող, բայց հուսանք, որ համապատասխան մարմիններն ուշադրություն կդարձնեն բարձրաձայնված խնդիրներին»,- նշեց նա: