Մարզպետ ունենք, որ չգիտի՝ խաղողը վազի վրա է աճում, թե ձմերուկի նման ցանում են․ խաղողագործ


Մարզպետ ունենք, որ չգիտի՝ խաղողը վազի վրա է աճում, թե ձմերուկի նման ցանում են․ խաղողագործ
Սեպտեմբեր 23 14:50 2021

Արմավիրի մարզի խաղողագործները, որոնք այսօր՝ սեպտեմբերի 23-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի առջև, բողոքում են նաև խաղող մթերման գնից։

«Խաղողագործը դեռ մարտ-ապրիլ ամսին պետք է իմանա, թե ինչ ծավալի խաղող է հանձնելու, որ գործարարանին է հանձնելու և ինչ գնով։ Այս տարի փոթորիկի նախանշան չկար, ամեն ինչ նորմալ էր։ Ապրիլին կոնյակի գործարանը հայտարարեց մթերման ծավալները, գինն էլ հայտարարեց ցածր՝ 115 դրամ, բայց դրանից հետո խաղողի գինը պետք է աճեր՝ հաշվի առնելով պետական ինֆլացիան պետության վիճակագրական վարչության կողմից ընդունված։ Ինֆլացիան երեք տարիների ընթացքում կազմել է 5-6 տոկոս։ Եթե 2018 թվականին խաղողն ընդունվել է 140 դրամով, ապա հիմա պետք է ընդունվեր 170-ից 180 դրամով»,- նշեց նա։

Խաղողագործների խոսքով՝ իրենք կուսակցական չեն, և իրենց ակցիան էլ չպետք է քաղաքական շահարկման առարկա դառնա։

«Չորս օր առաջ, երբ գործարանի մոտ կանգնել էինք, մի շքեղ ջիպից շատ շքեղ հագնված տղամարդ իջավ և ասաց՝ ինչո՞ւ եք սուսուփուս կանգնել, գործարանը վառեք, դռները ջարդեք։ Մենք չենք ուզում քաղաքական շահարկաման առարկա դառնանք։ Գյուղ չկա, որ զոհ տված չլինի, գյուղացին, որն այսքան զոհ է տվել իրավունք ունի՞ արժանապատիվ ապրելու, թե՝ ոչ, ու այդ արժանապատիվ ապրելու հարցում կառավարությունը դեր ունի՞ թե չունի։  Մարզպետ ունենք, որն արդեն երկու տարի է մարզպետ է ու իմ գյուղի՝ Շենավանի ճանապարհը չգիտի։ Այդ մարդը չգիտի՝ խաղողը վազի վրա է աճում, թե ձմերուկի նման ցանում են։ Բա երկու տարի ժամանակ ուներ, մի օր չմտներ մարզ մեր դարդերն իմանա»,- հավելեց նա։,



loading...