«Եթե նախկինում հղիների դեպքում նկատվում էր թեթև ընթացք, «Դելտա» շտամի դեպքում այդպես չէ»․ Ա․ Ավանեսյան


«Եթե նախկինում հղիների դեպքում նկատվում էր թեթև ընթացք, «Դելտա» շտամի դեպքում այդպես չէ»․ Ա․ Ավանեսյան
Սեպտեմբեր 23 12:10 2021

Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ի պատասխան հարցին, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արդյոք ազդում է հղիների վրա, ասաց․ «Այս պահին գիտական որևէ հաստատված փաստ չկա, որ պատվաստումները և, մասնավորապես, Covid-19-ի դեմ պատվաստումներն ազդում են մարդու վերարտադրողական առողջության վրա»:

Ավանեսյանի խոսքով՝ շատ երկրներում հղիները ևս ակտիվ կերպով պատվաստվում են։ «Եթե նախկինում կորոնավիրուսով վարակված հղիների դեպքում նկատվում էր թեթև ընթացք, «Դելտա» շտամի դեպքում, ցավոք, այս յուրահատկությունը չի պահպանվում։ Այսօր էլ մեր հիվանդանոցները շարունակում են ընդունել բավական մեծ թվով հղի կանանց, ովքեր ունեն թոքաբորբեր»,- նկատեց նա։

Առողջապահության նախարարը հայտնեց նաև Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը։ «Առաջին դեղաչափ ստացել է 244374 քաղաքացի, երկրորդ դեղաչափ՝ 133031 քաղաքացի»:



loading...