Երևանում կտեղադրվի «Նեմեսիսի» ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող


Երևանում կտեղադրվի «Նեմեսիսի» ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող
Սեպտեմբեր 14 21:50 2021

Սեպտեմբերի 14-ին կայացել է Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը:

NEWS.am-ին Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ օրակարգի նախագծում ընդգրկված է եղել 18 հարց:

«Երևանի 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող ևս 64 ընտանիք կապահովվի նոր բնակարաններով: Ավագանու հավանությանն արժանացած որոշման նախագծով կվերաբնակեցվեն Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N10 հասցեի հանրակացարանային 3 շենքերի բնակիչները: Ընդհանուր առմամբ, բյուջեից կտրամադրվի 500 մլն դրամ՝ 2000քմ. նոր բնակելի ֆոնդ ձեռք բերելու նպատակով:

Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հ․ 51 հիմնական դպրոցը կապահովվի նոր գույքով: Ավագանու որոշմամբ կրթօջախին կտրամադրվի կապիտալ դրամաշնորհ: Հարկ է նշել, որ դպրոցը նաև հիմնանորոգվել է և սեպտեմբերի 1-ին բոլորովին նոր ու հարմարավետ պայմաններով իր դռները բացեց 1192 սաների առջև:

Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքում տնային կենդանիների պահման նոր կանոններ՝ շուն և կատու պահող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Մինչ այժմ գործող կանոններով հնարավոր չի եղել արդյունավետ կերպով իրականացնել ոլորտում անհրաժեշտ մի շարք գործառույթներ: Մասնավորապես, բաց էր մնացել տնային կենդանիների պահման թույլտվությունների տրամադրման, տնային կենդանիների հաշվառման, անասնաբուժական սպասարկման հստակ ընթացակարգերի սահմանումը: Նոր կանոնների համաձայն, կենդանի պահողն իր ցանկությամբ կարող է ընտրել շան նույնականացման նպատակով միկրոչիպի կամ դաջվածքի տեղադրումը, ինչը հնարավորություն կտա ստեղծել հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, անհատականացնել կենդանիներին: Բացի այդ, հաշվառման նախապայմանը կենդանիների անասնաբուժական զննության իրականացումն է, որի արդյունքում պահողը ձեռք է բերում կենդանու անասնաբուժական անձնագիր: Նախագծի նպատակն է՝ առաջին հերթին ապահովել բնակիչների անվտանգությունը՝ անասնաբուժական սպասարկում չանցած տնային կենդանիներից, բացի այդ, տնային կենդանիների պահման անվերահսկելիությունը հաճախ հանգեցնում էր նաև թափառող կենդանիների թվի աճին:

Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում կտեղադրվի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող: Ավագանին միաձայն կողմ քվեարկեց որոշման նախագծին: Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ արդարադատություն իրականացրած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացվել է Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից: Այն հանգամանորեն քննարկվել է պատմագիտական հանրության շրջանում:

Նիստի ընթացքում օրակարգային հարցերից բացի, Երևանի քաղաքապետն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումներին: Մասնավորապես Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ ակնկալվում է, որ 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում, իսկ Երևան հասնելու համար կպահանջվի հավանաբար շուրջ 10 օր: Նոր 8,6 մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայումս գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ՝ աշխատելու են նոր երթուղիներում: Շուտով կներդրվի նաև էլեկտրոնային վճարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա վճարել ժամանակակից էլեկտրոնային վճարման միջոցներով՝ բանկային քարտով, սմարթֆոններով և այլն: Նշվել է, որ ավտոբուսների փոխարինման այս գործընթացը տրանսպորտային բարեփոխումների անցումային փուլն է, իսկ վերջնարդյունքում շուրջ 850 ավտոբուսով կներդրվի բրիտանական խորհրդատուի առաջարկած նոր տրանսպորտային ցանցը:

Նիստի ընթացքում, պատասխանելով ավագանու անդամների հարցերին, Հայկ Մարությանն անդրադարձել է նաև Ալիխանյան 1/6 հասցեում՝ ֆիզիկայի բանավանի տարածքում նախատեսվող կառուցապատմանը վերաբերող խնդրին: Քաղաքապետը մասնավորապես նշել է, որ Երևանի քաղաքապետարանը այս հարցում, ինչպես և ոլորտին առնչվող մյուս դեպքերում, գործում է բացառապես օրենքի շրջանակներում: Քաղաքապետարանում թեմայի վերաբերյալ պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ, հանդիպումներ տարածքի բնակիչների և շահագրգիռ այլ անձանց հետ:

«Ուզում եմ տեղեկացնել երևանցիներին, նաև «Ֆիզգարադոկի» բնակիչներին, որ իմ ինչպես նաև Երևանի ավագանու ուշադրության կենտրոնում են այս բոլոր խնդիրները: Ես ձեզ վստահեցնում եմ՝ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում, որպեսզի անընդհատ և ամեն օր գործընթացի բոլոր կետերում լինի օրենք, արդարություն և թափանցիկություն», - նշել է Հայկ Մարությանը:

Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղերի փակման գործընթացը: Հայկ Մարությանը, անդրադառնալով նաև այս հարցին, նշել է, որ դա այլընտրանք չունի և այն պետք է կարգավորվի օրինական ճանապարհով: Քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ աղբամուղերի փակումը լուծում է միանգամից 3-4 խնդիր՝ վերացնում է շենքերում գարշահոտը, որը չի թողնում ապրել ստորին հարկերի բնակիչներին, ինչպես նաև՝ առնետների ու, առհասարակ, սանիտարական խնդիրները»,- նշված է հաղորդագրությունում։



loading...