Նիկոլ Փաշինյանը չի վիրավորվել վիրավորական գրառումներից, նրա փոխարեն վիրավորվել են իրավապահները


Նիկոլ Փաշինյանը չի վիրավորվել վիրավորական գրառումներից, նրա փոխարեն վիրավորվել են իրավապահները
Սեպտեմբեր 14 19:10 2021

Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ չնայած այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն այդ արտահայտությունները վիրավորական չի համարել։

Ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են, որ միջոցառումներ են իրականացվում՝ Փաշինյանի լուսանկարի ներքո վիրավորանք պարունակող գրառում կատարած Հ. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի ճշգրտող հարցին, թե ինչ հիմքով են նյութերը նախապատրաստվում, արդյոք ենթադրյալ տուժողից, տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանից հաղորդում ստացել են, ոստիկանությունից պարզաբանել են, թե մոնիթորինգի արդյունքում տվյալ վիրավորանքն առանձնացվել ու սկսվել նյութերի նախապատրաստումը։

Այլ խոսքով՝ ոստիկանությունը վիրավորվել է Նիկոլ Փաշինյանի փոխարեն՝ թույլ տալով դիրքի չարաշահում։

Խնդիրն այն է, որ Քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում ներմուծվեց 137.1-րդ հոդված, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծանր վիրավորանքի համար, ըստ որի՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը`պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: 

Սակայն սա մասնավոր գանգատի գործ է եւ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն՝ հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա։ Ամբողջ տրամաբանությունն այն է, որ որեւէ իքս անձի, այդ թվում՝ իրավապահ մարմին իրավունք չունի վիրավորվելու մեկ այլ անձի փոխարեն, օրինակ՝ մեկ համար գուցե հայհոյանքը վիրավորանք չէ, քանի որ գտնում է, ․որ տվյալ գնահատականն արդարացված է ու հասցեական։ Բայց ոստիկանությունը՝ ի հեճուկս քրեական դատավարության օրենսդրության, թույլ է տվել լիազորությունների չարաշահում ու նախաձեռնել անօրինական վարույթ։ Ի դեպ, այս դեպքում արդեն գործ ունենք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հետ ու դատախազությունը պարտավոր է քրեական գործ հարուցել ոստիկանության պաշտոնյաների կողմից դիրքի չարաշահման համար։



loading...