Հրետակոծության պահին անեկդոտ է պատմել, որ խուճապի չմատնվեն. հրետանավոր Հայկը զոհվել է Վարանդայում՝ վիրավորներին օգնելիս


Հրետակոծության պահին անեկդոտ է պատմել, որ խուճապի չմատնվեն. հրետանավոր Հայկը զոհվել է Վարանդայում՝ վիրավորներին օգնելիս
Սեպտեմբեր 11 13:20 2021



Հրազդանցի Հայկ Արշակյանը մեկն է այն 27 տղաներից, ում նկարը փակցված է Տնտեսագիտական համալսարանի՝ 44-օրյա պատերազմում զոհված ուսանող-հերոսների լսարանում։ «Այս լսարանում դաս անելը ծանր կլինի ուսանողների համար»,–ասում է Հայկի հայրը՝ Արամ Արշակյանը։ Հայկը Արշակյանների երրորդ սերունդն է, որ ոտք է դրել Տնտեսագիտական համալսարան՝ ընտրելով պրոֆեսոր պապի՝ Ալբերտ Արշակյանի և հոր՝ ՀՊՏՀ քոլեջի փոխտնօրեն Արամ Արշակյանի ուղին։ Որդու կորստի ցավը սրտում ամեն օր Արամ Արշակյանը մտնում է քոլեջ՝ դաստիարակելու ապագա տնտեսագետներին, որոնցից շատերը գուցե չհասցնեն անգամ ուսանողական նստարանին նստել, երբ զորակոչվեն բանակ։ Լսարան մտնելիս Արշակյանը պատերազմի դառնությունն ու ցավը թողնում է քոլեջի պատերից այն կողմ։ Այժմ տնտեսագետի միակ սփոփանքը որդուց մնացած հուշերն են՝ ծառայակիցների պատմածները, բանակային հատուկենտ լուսանկարները... «Պատերազմի թեժ օրերին Հայկս զանգում էր, անընդհատ ուզում էր ինչ–որ բան  պատմել՝ չէի թողնում, վախենում էի ԱԹՍ–ի թիրախ դառնա»,–պատմում է հայրը, որը հետո պիտի Հայկի մարտական ընկերներից լսեր մարտադաշտում որդու գործած քաջագործությունների մասին, ափսոսեր որդու հետ  ապրած  ու չապրած տարիների, ասված և չասված խոսքերի համար։ «Ծառայակիցները պատմում են, թե ինչպես են պատերազմի օրերին վազել ճաշարանի մեքենայի հետևից, բայց չեն հասցրել ու ընկել հրետակոծության տակ։ Հայկը սկսել է պատսպարված ընկերների համար անեկդոտներ պատմել, որ տղաները խուճապի չմատնվեն»,–պատմում է Արամ Արշակյանը։ Հերոսների լսարանում ընկերները հիշում են ակնթարթի պես թռած ուսանողական երկու տարիները, Հայկից մնացած ամենաջերմն ու  ամենալուսավորը։ Անսպառ հումորով, լավատես ու կենսուրախ երիտասարդը բուհ ընդունվելուն պես աչքի է ընկնում իր ինքնատիպ հումորով և համալրում Տնտեսագիտական համալսարանի ՈւՀԱ («Ուրախների և հնարամիտների ակումբ») –ի թիմը։ Հայկի կերպարը շատ ՀՊՏՀ-ականներ կհիշեն հենց ուսանողական միջոցառումներից, ՈւՀԱ ելույթներից։

«Խաղի ժամանակ տարբերվում էր մյուսներից, անընդհատ ինչ–որ իմպրովիզներ էր անում, օգնում սցենարներ գրելու հարցում։ Հենց սկզբից թե՛ թիմը, և թե՛ հանդիսատեսը սիրեցին Հայկին։ Բոլորը նրան հիշում էին, որպես КВН–ի Հայկ»,–պատում է ընկերը՝ Վլադ Վարդանյանը։ Հայկի համակուրսեցի Լիլիթ Հարոյանն էլ խոստովանում է՝ Հայկի զոհվելուց հետո կուրսը մի տեսակ դատարկվել է։ Ընկերներին հասնող, ուշացած դասի եկող Հայկի հումորին ու ժպիտին Տնտեսագիտականում շատերը դեռ կկարոտեն։

«Այսօր մենք պիտի գիտակցենք, որ միայն մեզ համար չենք ապրում, ապրում ենք բոլոր այն հերոսների կյանքը, որը տղաները պիտի շարունակեին»,–ասում է Լիլիթը։

Կրտսեր սերժանտ Հայկ Արշակյանը հրետանավոր էր` Դ-30 հաուբիցի նշանառու։ Սկզբում ծառայել է Լուսակերտում, ապա՝ Հադրութում։ Պատերազմի ժամանակ հրամանատարի զոհվելուց հետո ստանձնել է երկու մարտկոցի պատասխանատվությունը. զոհվել 2020թ. հոկտեմբերի 10–ին՝ խրամատից վիրավոր ընկերներին դուրս բերելիս։

Մանրամասները՝ NEWS.am–ի տեսանյութում։

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ



loading...