«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան թշնամու 4 տանկ եւ կենդանի զինուժ ոչնչացնելու համար


«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան թշնամու 4 տանկ եւ կենդանի զինուժ ոչնչացնելու համար
Հուլիս 30 23:48 2021

Անդրանիկը շքանշանն ամրացնում է զինվորական հագուստին, սակայն լուսանկարվելու համար հրաժարվում է հագնել՝ պատճառաբանելով, թե պիտի պարտադիր սափրված լինի: 

-Ի՞նչի մասին պիտի խոսենք,-հարցն անսպասելի չէ, սակայն պատասխանելիս մի փոքր տատանվում եմ: 

- Քո մասին, քո եւ արցախյան պատերազմի, ընկերներիդ, քո երազանքների մասին:

-Լավ,-տղան գլխով է անում,-բայց վատ բաներից քիչ կխոսեմ: 

Գյումրեցի 24-ամյա Անդրանիկ Մկոյանը հուլիսի 17-ին, զորացրվելու նախորդ օրը, պարգեւատրվել է Արցախի Հանրապետության պետական բարձր պարգեւներից՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, որ շնորհվում է պաշտպանության բանակի զինծառայողներին հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ արիության համար:

-Ի՞նչ էիր մտածում, երբ պարգեւը հանձնում էին քեզ:

-Մտածում էի՝ արժանի չեմ, կարող էի 30 տանկ խփել:

Արցախյան պատերազմի 44 օրյա դժոխքն անցած երիտասարդը, որ համարում է, թե պիտի ավելին աներ, պետական բարձր պարգեւին արժանացել է թշնամու մեծ թվով կենդանի զինուժի  եւ 4 տանկի ոչնչացման համար: 

-Քի՞չ է,-հարցնում եմ:

-Չէ, բայց կարող էր ավելի շատ լինել:

 

 

«Պատերազմ» բառը մինչեւ պատերազմը սկսվելը, ոչ ոք բարձրաձայն չի արտասանել, սակայն կար անորսալի մի տագնապ օդում, որ ի վերջո միս ու արյուն ստացավ սեպտեմբերի 27-ին: «Հուլիսից շատ ավելի զգոն էինք ամեն ինչում, մի տեսակ նախապատրաստական վիճակ էր: Կար որոշակի լարվածություն, բայց անձամբ ես տագնապի զգացողություն չեմ ունեցել,-ասում է Անդրանիկը,-սեպտեմբերի 27-ին էլ, սովորականի նման շուտ էի արթնացել՝ ժամը 7-ը չկար, ընկերոջս հետ դուրս եկանք զորամասից, որ ծխենք, հետո գնանք լվացվենք, պատրաստվենք: Ծխել վերջացրել էինք, լսեցինք հեռվից եկող ձայներ, վազել ենք զորանոց, որտեղ տագնապն արդեն տրված էր, պատրաստվել ենք, որովհետեւ պարզ էր, որ սկսվել է»:

Անդրանիկը հակատանկիստ է: Ծառայության հիմնական վայրը եղել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում տեղակայված հակատանկային դիվիզիան: Երբ զորակոչվում էր(2019թ-ի հուլիսի 18), չէր պատկերացնում, որ վիճակահանության ժամանակ իրեն բաժին է ընկնելու Գյումրու հակատանկային զորամասը, որտեղ 6 ամիս ուսումնառությունն անցկացնելուց հետո տեղափոխվելու է Արցախ: «Պատերազմի ընթացքում քո ամենածանր օրը ե՞րբ է եղել»,-հարցնում եմ՝ սպասելով, թե կնշի որեւէ ռազմական գործողություն: 

 

 

«Հոգեբանական առումով ամենածանր օրն եղել է նոյեմբերի 9-ի գիշերը, երբ իմացանք, որ պատերազմն ավարտվել է ու մենք պարտվել ենք: Էդ իմ կյանքի ամենադաժան ու ցավոտ օրն էր ողջ պատերազմի ընթացքում: էդ օրը շատ զբաղված էինք, մեկ էլ կեսգիշերին իմացանք, որ պատերազմն ավարտվել է, պատկերացրեք մի պահ եկավ, որ բոլոր կրակոցները միանգամից դադարեցին ու չորս կողմդ լռություն է: Բայց էդ լռությունն ու մթությունը քո կողմն է, դու կտեսնիս, թե թշնամիդ ինչ ձեւով կուրախանա, ինչ հրավառություն է ու կհասկնաս, որ իրանք հաղթեցին: Հաջորդ միտքը, որ հազարավոր մարդիկ մնացին անօթեւան ու անհայրենիք: Ու ներսից մե բանմ կխեղդե քեզի, որ դու քո առջեւ դրած խնդիրը մինչեւ վերջ չես կատարել, ավելի ճիշտ արդյունքը, որ կուզենայիր ստանալ՝ չես ստացել, չես հաղթել»:

Ավելին՝Hetq.am