Պատերազմում ձեռքը կորցրած 20 տղաները ստանում են առաջատար բիոնիկ պրոթեզներ (տեսանյութ)


Պատերազմում ձեռքը կորցրած 20 տղաները ստանում են առաջատար բիոնիկ պրոթեզներ (տեսանյութ)
Հուլիս 21 12:15 2021

Արցախյան պատերազմում ձեռքը կորցրած Հրայր Ասատրյանը այսօր առաջին անգամ փորձարկում է նոր բիոնիկ պրոթեզը, որը ամբողջովին կփոխի իր կյանքի որակը։ Մինչ այսօր Հրայրը ստիպված էր «յոլա գնալ» մի ձեռքով, ինչը բազմաթիվ առօրյա խնդիրներ էր ստեղծում։

Ձեռքի նոր պրոթեզը Հրայրին հնարավորություն կտա առարկաներ վերցնել, նույնիսկ՝ մինչեւ 15 կիլոգրամ քաշով ծանրություն, ավելի հեշտ մեքենա վարել եւ ընդհանուր առմամբ շատ ավելի ինքնուրույն դառնալ։

Հրայրը ձեռքը կորցրել էր Արցախյան վերջին պատերազմում, հոկտեմբերի 4–ին։

Մինչ այժմ ձեռքերը կորցրած զինծառայողներին ձեռքի պրոթեզներ էին տեղադրում, որոնք ավելի շատ գեղագիտական նշանակություն ունեին. Դրանց ֆունկցիոնալությունը մեծ չէր, լավագույն դեպքում ձեռքի ափը կարող էր բացվել եւ փակվել։

Այժմ նոր ծրագրի շրջանակներում արցախյան պատերազմում ձեռքերը կորցրած 20 տղաները «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում ստանում են ամենաժամանակակից բիոնիկ պրոթեզները, որոնք մի շարք ֆունկցիաներ ունեն եւ կարող են նկատելիորեն հեշտացնել նրանց կյանքը։

Ֆիզիոթերապիստ Արամ Մելիքյանի խոսքով, այս բիոնիկ պրոթեզները պարունակում են մինչեւ 36 ֆունկցիա, որոնք ինդիվիդուալ կարգավորվում են՝ ըստ պացիենտի կարիքների: Պրոթեզը կառավարվում է մկանային իմպուլսների միջոցով, եւ ամեն իմպուլս իր նշանակությունն ունի՝ ափը բացել, փակել եւ այլն: Պրոթեզը կարելի է կառավարել նաեւ հեռախոսի միջոցով. բոլոր տղաներին տրվելու են iPhone SE հեռախոսներ, որոնցում տեղադրված է հատուկ ծրագիր՝ պրոթեզի բոլոր ֆունկցիաները կառավարելու համար:

«Պրոթեզը բավականին լայն հնարավորություններ է տալիս, անգամ մինչեւ կոճակ կոճկել, կոշիկ կոճկել: Մեր ռուս բարեկամները ասում էին, որ իրենց պացիենտներից մեկը միկրոսխեմաներ է «պայկա» անում», - ասաց մասնագետը:

Իսլանդական աշխարհահռչակ Ossur ընկերության բիոնիկ պրոթեզները պատրաստվում են ինդիվիդուալ՝ յուրաքանչյուր երիտասարդի համար։ Հաշվի է առնվում ձեռքի հաստությունը, այն, թե որտեղից է այն անդամահատված եւ մի շարք այլ առանձնահատկություններ։

Բիոնիկ պրոթեզը պարզապես արհեստական ձեռք չէ, որը կցվելուց հետո արդեն ենթակա է օգտագործման։ Պացիենտը պետք է սովորի այն կառավարել, ինչը երկար աշխատանք է պահանջում՝ թե մասնագետների, եւ թե հենց պացիենտների կողմից։ Մինչեւ պրոթեզների՝ Հայաստան հասնելն այդ աշխատանքն արդեն սկսվել էր, եւ մասնագետները մոտ երեք ամիս նախապատրաստում էին երիտասարդներին, վիրտուալ իրականության հատուկ ծրագրով սովորեցնում՝ ինչպես կառավարել բիոնիկ պրոթեզը։ Այդ աշխատանքի շնորհիվ տղաները, ստանալով պրոթեզները, վարժվում են դրանց ընդամենը երեք օրում։

«Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում ձեռքի բիոնիկ պրոթեզներ կստանան 20 տղաներ, որոնցից երկուսը, ովքեր կորցրել են երկու ձեռքերը, կստանան երկուական պրոթեզներ։

Պրոթեզները գնվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, եւ 22 պրոթեզը արժեցել է մոտ 1 մլն եվրո։



loading...