Կարևորը՝ հանրության աչքին «պուպուշ» երևան. «Փաստ»


Կարևորը՝ հանրության աչքին «պուպուշ» երևան. «Փաստ»
Հուլիս 1 08:45 2021

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում պետական գերատեսչություններում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընտրություններից հետո հատկապես այն նախարարներն ու մարզպետները, որոնք վստահ են, որ վերանշանակվելու են իրենց պաշտոններում, կտրուկ փոխել են իրենց պահելաձևը։ Թերթին տեղեկություններ են հասել, որ նրանք ի ցույց են դնում, որ իրենց դեմ «խաղ չկա»։

Մեզ տեղեկություններ են հասնում նաև, որ նրանք այս օրերին իրենց աշխատակիցների հետ առանձին հանդիպումներ են ունեցել, բացատրել, որ այլևս փոխվում են խաղի կանոնները, և նրանք, ովքեր մտադիր են շարունակել իրենց աշխատանքը գերատեսչություններում, պետք է հարմարվեն խաղի նոր կանոններին, հնազանդ լինեն իշխանական ուժին։ Դրանից բացի, հանձնարարվել է ակտիվություն դրսևորել հատկապես սոցցանցերում, քննարկումների մեջ մտնել, պաշտպանել իշխանության և կառավարության որդեգրած գիծը։ Բացի դրանից, նախարարները, մարզպետները հանձնարարել են նաև, որ աշխատակիցները սեփական էջերում լուսաբանեն իրենց գերատեսչության ամբողջ գործունեությունը, անգամ ամենաչնչինը։

Բացի դրանից, ընդհանուր PR-ի համատեքստում կառավարությունում մտածում են «օրիգինալ» ձևեր՝ հանրության դժգոհությունը հատկապես Նիկոլ Փաշինյանից հեռացնելու համար: Մասնավորաբար, բոլոր այն դեպքերում, երբ աղմուկ բարձրանա որևէ հարցի շուրջ, կամ, առավել ևս, բողոքի ակցիաներ լինեն, պետք է մատուցվի այնպես, թե Փաշինյանը տեղյակ չի եղել, հարցը զեկուցելուց հետո ամեն ինչ շտկվել է ու միանգամից կարգավորվել։ Իսկ մեղավորներ միշտ կարելի է գտնել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



loading...