Հայ գերիները Բաքվում սարսափելի պայմաններում են՝ անպատկերացնելի, բառերով հնարավոր չէ նկարագրել. Մանե Թանդիլյան


Հայ գերիները Բաքվում սարսափելի պայմաններում են՝ անպատկերացնելի, բառերով հնարավոր չէ նկարագրել. Մանե Թանդիլյան
Սեպտեմբեր 10 15:59 2026

Որևէ օր ու որևէ պահի մոռացության չմատնել Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին.  դա մեր անելիքն ենք դարձնելու, հետագայում կքննարկենք նաև ձևաչափերը: Այս մասին Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսի ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

 

 

«Որովհետև նրանք ոչ միայն քաղաքական բանտարկյալներ են, այլև բանտարկյալներ են էթնիկ՝ իրենց ազգային պատկանելության համար, նրանք բանտարկյալներ են կրոնի համար, նրանք բանտարկյալներ են, որովհետև պաշտպանել են իրենց հողում ապրելու իրավունքը։ 

 

Ակնհայտ է, որ նժարները տարբեր են, բայց ես վստահ եմ՝ այս ամենի պաշտպանը պետք է լինի հայ մարդը, հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը՝ թույլ չտալու նման վիճակում հայտնվի մեր երկիրը, մեր հայրենակիցները, պաշտպանելու ազատ խոսքը, տեր կանգնելու իր անձնագրին և օր առաջ Բաքվի բանտերից վերադարձնելու մեր հայրենակիցներին»,-նշել է նա։

 

Մանե Թանդիլյանն ընդգծել է, որ մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են գտնվում սարսափելի պայմաններում, անպատկերացնելի վիճակում:

 

«Որևէ մեկս մտքում անգամ չենք կարող պատկերացնել՝ ինչի միջով են նրանք անցնում ամեն օր, ամեն րոպե, նրանց ընտանիքներն ինչի միջով են անցնում: Սա ուղղակի նկարագրել հնարավոր չէ բառերով»,-հավելել է նա: