13-14 տարեկանում Դավիթ Յակովլևն արդեն Թումոյի ռոբոտաշինության դասընթացի հաղթող թիմերից մեկի ղեկավարն էր: Մինչ դպրոցն ավարտելը հասցրել էր հաջողությամբ ավարտել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» հատուկ դասընթացը, որտեղ միակ դեռահասն էր։
2019 թվականին Դավիթը բարձր առաջադիմությամբ ավարտում է ֆիզմաթ դպրոցն ու մաթեմատիկայից ամենաբարձր միավորներ հավաքելով՝ ընդունվում Հայաստանի Ամերիկյան համալսարան։ Բայց ինքնուրույն որոշում է, որ ՏՏ մասնագետի համար ավելի ճիշտ է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորելը, որից հետո կրթությունը կկարողանա շարունակել աշխարհի լավագույն բուհերից մեկում, ապա կվերադառնա հայրենիք։ Հունիսին Դավիթն ընդունվում է ԵՊՀ, իսկ հուլիսին՝ զորակոչվում բանակ։
Պատերազմի օրերին Մարտունիում՝ Շեխերում, հայկական կողմը պատրաստվում էր խիստ գաղտնի հատուկ գործողության։ Դավիթը գիտեր այդ մասին և որոշում է կամավոր ինքն էլ մասնակցել։ Ընկերը խնդրում է չգնալ։ Դավիթն ասում է․ «Գիտեմ, որ էնտեղ լավ հաշվարկի կարիք կա։ Ես տղաներին էնտեղ շատ եմ պետք...»։
Հոկտեմբերի 19-ից Շեխերում էր։ Նրա մաթեմատիկական փայլուն գիտելիքների ու ճշգրիտ հաշվարկների շնորհիվ թշնամու թիրախներն անվրեպ խոցվում էին։
Թուրքերի կողմից դա աննկատ չի մնում։ Հոկտեմբերի 26-ին Դավիթն իր 11 ընկերների ու հրամանատարի հետ զոհվում է սմերչի հարվածից՝ բունկերում։
Այսօր՝ հունիսի 18-ին Դավիթի ծննդյան օրն է։ Նա կդառնար 20 տարեկան...
Հիշատակդ վառ, Դավիթ ջան։