«Պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է, մեկ-մեկ մենակ եմ մնում, ասում եմ՝ ո՞ւր ես գնում, բայց ելք չկա, հետդարձ չունենք, մենակ առաջ». Ռոբերտ Քոչարյան


«Պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է, մեկ-մեկ մենակ եմ մնում, ասում եմ՝ ո՞ւր ես գնում, բայց ելք չկա, հետդարձ չունենք, մենակ առաջ». Ռոբերտ Քոչարյան
Հունիս 14 15:52 2021

Լավ աշխատող Կառավարությունն այն է, որի մասին մարդիկ նույնիսկ չեն էլ լսում. ինչո՞ւ դու պիտի Կառավարության շենքի տեղն իմանաս, այս երեք տարիների ընթացքում Կառավարության շենքի դիմաց այնքան ակցիաներ են եղել, որ ոնց որ մեզ ամեն օր ասեն՝ կա Կառավարություն, կա Կառավարություն:

Այսօր Էջմիածնում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ամենալավ Կառավարությունն այն է, որին մարդիկ ամեն օր չեն հանդիպում, ամեն օր հանդիպելը նշանակում է, որ այդ Կառավարությունն ամեն օր մի խնդիր է ստեղծում և մարդիկ սկսում են հիշել, որ կա մարմին, որը պետք է այս կամ այն գործը անի ու չի անում, սա է իրականությունը: Ժամացույցի պես աշխատող պետական համակարգը պետք է աննկատելի լինի, բայց ձեր իսկ կյանքում այդ աշխատանքը պետք է նկատելի լինի, ձեր կյանքի որակի բարելավման գործում պետք է նկատելի լինի»,-ասաց Քոչարյանը:

ՀՀ 2-րդ նախագահը ցավով նշեց, որ այս իշխանության անճարությունը բերեց ողբերգության, պատերազմի, կորուստների, սակայն իրենք պատրաստ են կանգնեցնել այդ գահավիժումը.«Անելիքները շատ են լինելու, պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է, մեկ-մեկ, որ մենակ եմ մնում, ասում եմ՝ այ տղա, էս ի՞նչ արեցիր, էս ուր ես գնում, բայց ելք չկա, հետդարձ չունենք, մենակ առաջ, բայց սա անելու ենք ձեզ հետ միասին»:

Մանրամասները՝ տեսանյութում: