Տեղյակ ենք նաև միջադեպերի մասին, երբ քարտեզները տրամադրվել են, բայց գերիները չեն վերադարձվել. Սիրանուշ Սահակյան


Տեղյակ ենք նաև միջադեպերի մասին, երբ քարտեզները տրամադրվել են, բայց գերիները չեն վերադարձվել. Սիրանուշ Սահակյան
Հունիս 14 15:00 2021

Թեև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-իհայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը, սակայն Նիկոլ Փաշինյանն օրերս տեղեկացրեց, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել ականապատված քարտեզների տրամադրման դիմաց: Ավելին՝ Փաշինյանն ասել է, որ պատրաստ են քայլի դիմաց քայլ անել, ասել է թե՝ նոր նախապայմանների, նոր քարտեզների տրամադրման դիմաց վերադարձնել գերիներին:

Նկատենք, որ քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներ մեկ անգամ չէ, որ մեղադրել են գործող իշխանություններին՝ ի սկզբանե գերիների վերադարձի բանակցությունները ձախողելու մեջ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետում չեն նշվել հստակ ժամկետներ՝ ի տարբերություն Ադրբեջանին հանձնվող շրջանների մասին կետի։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գերիներ վերադարձի գործընթացին, շեշտեց.

«Գերիների վերադարձն անպայմանական է. միակ պայմանը հակամարտության ավարտն է. եթե կոնֆլիկտի ակտիվ ֆազան ավարտվում է, ուրեմն առաջ է գալիս պարտականություն՝ վերադարձնել։ Այլ հարց է, որ մենք բազմիցս ասել ենք, որ գերիների հարցը կախվածության մեջ է դրվում քաղաքական օրակարգային խնդիրներից»:

Իսկ քաղաքական օրակարգային հարցերը, ըստ իրավապաշտպանի, կարող են քաղաքական տարբեր պահանջներ լինել, այդ թվում՝ քարտեզների տրամադրում, զորքերի դուրսբերում, տարածքների հանձնում և այլն:

Ի դեպ, Սիրանուշ Սահակյան տեղեկացրեց, որ գերիներ՝ քարտեզների դիմաց օրակարգն Ադրբեջանն առաջ է քաշել դեռևս դեկտեմբեր ամսից:

«Իրենց ռազմագերիներին ստանալուց հետո հաջորդող պայմանները կապված են եղել պահանջների հետ, այդ թվում՝ քարտեզների առնչությամբ»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, թե միշտ չէ, որ մեր զգայուն տեղեկատվության տրամադրումը հանգեցրել է Ադրբեջանի կողմից  հանդիպակաց գործողությունների կատարման։

«Ադրբեջանն ինչպես պայմանագրի որոշ կետերի հարցում է գցել, նաև այդ պայմանավորվածությունների հարցում է գցել հայկական կողմին:

Կարծում եմ՝ այստեղ նոր ներգրավված սուբյեկտի գործոնն է, որ ապահովել է պայմանավորվածությունների չխախտումը, և քարտեզների տրամադրմանը զուգընթաց՝ կազմակերպվել է նաև վերադարձը, բայց մենք տեղյակ ենք նաև միջադեպերի, երբ քարտեզները տրամադրվել են, նաև ուժային կառույցների ներգրավվածությամբ, բայց գերիները չեն վերադարձվել»,- ասաց նա:



loading...