Այսօր՝ հունիսի 10-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ջազային երաժիշտ Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի հոգեհանգստի արարողությունը:
Սիրված ջազմենը վախճանվել է հունիսի 8-ին` 73 տարեկան հասակում :
Նրան երաժշտասերները ճանաչում էին որպես Չիկո, ինքն էլ սիրում էր, որ իրեն այդպես են անվանում:
Արմեն Գրիգորի Թութունջյանը ծնվել է 1944 թ. հունվարի 28-ին Երևանում:
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։
Նա համարվում է հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։
1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։ 1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։
Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 11:00-14:00-ն` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի նախաձեռնությամբ մի խումբ երաժիշտներ հունիսի 10-ին և 11-ին Արմեն Թութունջյանին հրաժեշտ կտան համերգային ծրագրով: