Տեղ համայնքում երեք անգամ կրճատվել է մանր եղջերավոր անասունների թիվը. Ադրբեջանցինները շարունակում են մետր առ մետր առաջանալու փորձերը, ինչին ընդդիմանում են տեղի ուժերով


Տեղ համայնքում երեք անգամ կրճատվել է մանր եղջերավոր անասունների թիվը. Ադրբեջանցինները շարունակում են մետր առ մետր առաջանալու փորձերը, ինչին ընդդիմանում են տեղի ուժերով
Ապրիլ 15 18:12 2021

Ադրբեջանցիները Սյունիքի մարզի Տեղ համայնքի նկատմամբ շարունակում են տարածքային հավակնություններ ներկայացնել. Այստեղ թշնամու հետ դեռ շարունակվում են բանակցություններն ամեն մի մետրի համար։

Դեռևս դեկտեմբերին Տեղ համայնքում, որն այլեւս սահմանակից է Ադրբեջանին, հակառակորդի զինվորների առաջխաղացում էր նկատվել: Վերջիններս փորձել էին ընդլայնել սահմանը՝ ներխուժելով հայկական տարածք։ Հիմա էլ են դեպքեր լինում, երբ մի քանի մետրի համար թշնամու հետ են բանակցում։

«Գալիս ասում են ՝ «5-10 մետրը մեր տարածքն է»։ Դե աշխատանքներ են գնում, դելիմիտացիոն աշխատանքներ ենք կատարում»,- «Փաստինֆո»-ին հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Նրա փոխանցմամբ՝ սահմանազատման աշխատանքները վերջնական չեն լուծվել, մինչև հիմա տեղեր կան, որ քննարկման առարկա է դառնում մեր ու իրենց կողմից։ «Քանի որ կոնկրետ GPS համակարգով են կատարում այդ աշխատանքները, որոշ տեղերում վիճաբանական հարցեր են առաջանում։ Իրենք, որ մոտենում են՝ նորմալ են խոսում, բարձր տոնով չեն խոսում, մենք թույլ էլ չենք տալիս, որ այլ տոնով խոսեն»։

Ընդհանուր առմամբ 60 կիլոմետրանոց սահմանին մի շարք խնդիրներ կան։ Գարնան ընթացքում էլ խնդիրներ են առաջացել, որոնք դեռ ձմռանը կանխատեսել էին։

«Նենց չի, որ խնդիրներն օդից իջել են, նույն ձևով օդից կախված են։ Արոտավայրերի հետ կապված խնդիրները նույնն են մնացել։ Եղջերավոր անասունները ամբողջ ձմեռ մի հատվածի հաշվին են ապրում»։

Տարածաշրջանում անասնագլխաքանակի 50 տոկոսը Տեղ համայնքում է եղել, դա եղել է ազատագրված տարածքների արոտների հաշվին։ 60 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն կար, այսօր այդ թիվը մոտ երեք անգամ կրճատվել է։

«Հիմա որ դրանք չկան, ստիպված են այլընտրանքային ուղիներ գտնել՝ գուցե բազմավեկտոր գյուղատնտեսություն վարեն, խելացի գոմեր ունենալու հարցը շրջանառվում է համայնքում»,- ասաց գյուղապետը։

Գյուղատնտեսական աշխատանքներ անելիս ադրբեջանական կողմը խնդիրներ չի առաջացնում, բայց խնդիրներ են լինում դաշտամիջյան ճանապարհներում,

«Ճանապարհահատվածներ կան, որ գծից այն կողմ են գտնվում, խնդիրներ առաջացել են, փորձում ենք լուծումներ գտնել։ Իրենք զուսպ են պահում իրենց տարածքում, կոնտակտի մեջ չեն մտնում»։

Ներսես Շադունցը նշեց, որ անգամ փոքր երեխաներ ունեցող բնակիչները համայնքը լքել չեն պատրաստվում, բնակարաններ վաճառելու մասին միտք էլ չունեն։

Աղբյուր` Փաստինֆո



loading...