Ոստիկանները Սյունիքում մի քանի կիլոգրամ ափիոն ու հերոին են հայտնաբերել․ 4 անձ ձերբակալվել է


Ոստիկանները Սյունիքում մի քանի կիլոգրամ ափիոն ու հերոին են հայտնաբերել․ 4 անձ ձերբակալվել է
Մարտ 7 23:53 2021

Ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ ձեռք բերվեցին առանձնապես խոշոր չափերի հերոինի և ափիոնի ապօրինի շրջանառության վերաբերյալ։

Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի ծառայողների հետ։

Համագործակցված ու պրոֆեսիոնալ միջոցառումների արդյունքում փետրվարի 22-ին Սյունիքի մարզի Ալվանք գյուղից Շվանիձոր տանող ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափերի՝ 4 կիլոգրամ 290 գրամ հերոին և 2 կիլոգրամ 100 գրամ ափիոն։ Թմրամիջոցներով փաթեթները պարկի մեջ էին, պարկն էլ թաղված էր։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, թե ում համար էր թմրամիջոցները բերվել։

Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հայտնաբերեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկեցին չորս անձի, որոնցից մեկը՝ օտարերկրյա քաղաքացի։ Բերման ենթարկվածները ներկայացվեցին նախաքննական մարմնին ու ձերբակալվեցին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։