Կարող եմ միայն ենթադրել, որ մենք խանգարում ենք իրենց՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ եղբայրության նոր փուլ մտնելուն. Ադրբեջանագետ


Կարող եմ միայն ենթադրել, որ մենք խանգարում ենք իրենց՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ եղբայրության նոր փուլ մտնելուն. Ադրբեջանագետ
Մարտ 4 15:08 2021

Վերաքննիչ դատարանում քննվում է  ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու մասին փաստաբանների դիմումը։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հույս հայտնեց, որ այսօր դատարանում կհաղթի տրամաբանությունը և  արդարադատությունը.

«Որովհետև որևէ տրամաբանություն չկա այս ամբողջ պրոցեսի մեջ, որը տևում է արդեն երկու շաբաթ, սկսած խուզարկությունից՝ վերջացրած ապօրինի կալանքով:  Ես ներքին համոզմունք ունեմ, որ այսօր այդ ամենը կվերջանա, և մենք վերջապես կկարողանանք շունչ քաշել և սպասել՝ երբ մեզ կվերադարձնեն մեր տեխնիկան: Հուսով եմ, որ արագ կվերադարձնեն, որովհետև ամբողջ մեր աշխատանքը պարալիզացված է»:

Ադրբեջանագետը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է իրենց տեխնիկան ցայսօր գտնվում ԱԱԾ-ում, քանի որ ո՛չ ինքը, և ո՛չ Գոհար Մելոյանը որևէ  կարգավիճակ չունեն այս գործում: Նա հավելեց, որ տեխնիկան վերադարձնելը ձգձգելու հարցում տեսնում է իրենց աշխատանքը խոչընդոտելու միտում, իսկ թե ինչու՝ մեկնաբանեց.

«Այդտեղ պատերազմի ժամանակվա ամբողջ արխիվն էր՝ Ադրբեջանի և՛ռազմական հանցագործությունների վերաբերյալ,  և՛ իրենց քարոզչության, ապատեղեկատվության, և այդ ամենը, իհարկե, պատրաստվում էինք հանրայնացնել և դրա վրա աշխատել: Մեծ, շատ մեծ՝ մոտ 10 հազար էջ նյութ էր հավաքված, որը մշակման փուլում էր, և փաստացի ինձ այդ հնարավորությունից զրկել են»:

Անդրադառնալով Արա Սաղաթելյանի ազատ արձակման պահանջով իրականացվող ստորագրահավաքին՝ նա վստահեցրեց՝ այն հանրային արձագանքը, աջակցությունը, որոնք լսել են, իրենց ուժ է տվել. «Ես կարծում եմ, որ այն հանրային ռեզոնանսը, որը ստացավ այս գործը, շատ հստակ վկայում է  իրավիճակի մասին՝ աբսուրդ մեղադրանք, աբսուրդ իրավիճակ:

Պարզ է, որ մեզ հնարավոր չի լինի կոտրել, վախեցնել կամ լռեցնել նման պրոցեսներով, որովհետև մենք շարունակում ենք մեր գործունեությունը, պայքարը և շարունակում ենք աշխատել»:

Հարցին, թե ինչու են թիրախավորել հատկապես հակաադրբեջանական քարոզչության մեջ ներդրում ունեցող մարդկանց, պատասխանեց. «Ես հստակ այդ հարցի պատասխանը չունեմ՝ ինչու. ես կարող եմ միայն ենթադրել, որ մենք խանգարում ենք իրենց՝ նոր որակի բարեկամական հարաբերություններ հաստատելուն, Ադրբեջանի և Թուրքիայի հետ եղբայրության այդ նոր փուլ մտնելուն: Ըստ երևույթին,  մենք հանրությանը հասցնում ենք իրական պատկերը և բացատրում ենք, թե ինչ է կատարվում իրականում, և ինչ սպառնալիքներ կան, ինչ է մեզ սպասում առջևում, և ինչ խնդիրներ ենք ունենալու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հետագայում:  Այսինքն՝ թույլ չենք տալիս մարդկանց իմունիտետը զրոյացնել, այդ  ինքնապաշտպանական բնազդները ոչնչացնել թույլ չենք տալիս: Եվ պարզ է, որ մեզ պետք է լռեցնել, որպեսզի իրենց գործարքները բոլոր՝ թաքուն և ինչ-որ ժամանակ հետո ջրի երես ելնող, նաև իրականացնեն»:

Տեղեկացնենք՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին:

Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք նաև՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանն այնուհետև ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։

Այս գործի մանրամասների վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարությամբ էր հանդես եկել.

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.Ս.-ն, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ.-ին, վարորդին՝ Մ.Ա.-ին, Ա.Ս.-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan»  կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan» կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը»:

Մանրամասները՝ տեսանյութում