Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ հանրապետության ներկայիս իշխանությունները շարունակում են վայելել հասարակական լուրջ աջակցություն, ինչպես դա եղավ 2018 թվականի գարնանը: Այս մասին նախկին նախագահն ասել է այսօր՝ մարտի 4-ին, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է eadaily-ն: Խոսելով մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց թվի մասին՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «իշխանությունները 3 օր ժողովրդին հավաքել են այդ միջոցառման համար՝ օգտագործելով ողջ վարչական ռեսուրսը»։ «Ընդ որում՝ 20 000 հոգին ինչ-որ հզոր աջակցության վկայություն չէ»,- ասել է նա: Ըստ Քոչարյանի՝ կառավարության գործող ղեկավարն այսօր «ամենաբարձր հակառեյտինգն» ունի Հայաստանում։ |