Երեւանը Մոսկվայի հետ քննարկում է Ղարաբաղ մուտքի ռեժիմն օտարերկրացիների համար.Սինանյան


Երեւանը Մոսկվայի հետ քննարկում է Ղարաբաղ մուտքի ռեժիմն օտարերկրացիների համար.Սինանյան
Մարտ 3 15:32 2021

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղի տարածք օտարերկրացիների մուտքի նոր ռեժիմի կազմակերպման հարցը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյանը նշել է, որ այս հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպմանը:

«Մարդիկ, ովքեր Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացիություն չունեն, սկսում են խնդիրներ ունենալ: Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, նրանք սիրում են այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ, իսկ գալիք ամռանը կարող է մի իրավիճակ լինել, երբ շատերը կցանկանան մեկնել Լեռնային Ղարաբաղ, սակայն չեն կարողանա անել դա այս ռեժիմի պատճառով»,- ասել է նա:

Նրա խոսքով` խոսքը Ստեփանակերտ, Մարտակերտ կամ հայկական կողմի եւ ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքի այլ շրջաններ հասնելու մասին է:

«Այժմ նոր ռեժիմն այնպիսին է, որ մեկնելուց յոթ օր առաջ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն, ապա ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին, դրանից հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով` ոչ»,- պարզաբանել է Սինանյանը:

Նա հավելել է, որ 2019-ին` համավարակից առաջ, Ղարաբաղ, ըստ տարբեր աղբյուրների, 30-ից 50 հազար օտարերկրյա քաղաքացի է այցելել: «Այժմ դիմումները դեռ քիչ են, քանի որ համավարակը դեռ չի անցել եւ տուրիստական ​​սեզոնը դեռ չի սկսվել: Բայց, այնուամենայնիվ, գալ ցանկացողներ կան, մենք ունենք այն կազմակերպությունների եւ մարդկանց ցուցակը, ում մուտքը Ղարաբաղ արգելվել է»,- ասել է Սինանյանը: