Մարդուն պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ նշել էր, որ Իսկանդերը խնդիր չի ունեցել. Տիգրան Աբրահամյան


Մարդուն պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ նշել էր, որ Իսկանդերը խնդիր չի ունեցել. Տիգրան Աբրահամյան
Փետրվար 25 00:17 2021

Մարդուն պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ գիտակցելով իրավիճակի զավեշտի ու սպառնալիքի հանգամանքը, նշել էր, որ Իսկանդերը խնդիր չի ունեցել՝ հորդորել էր թեմայով չծավալվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել, որտեղ նշում էր, թե լրագրողը սխալ է փոխանցել, խեղաթյուրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի խոսքը, ով «համարձակվել» էր հակադրվել Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի մասին անպատասխանատու հայտարարությանը։

Հետևանքը սպասեցնել չտվեց՝ Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվեց պաշտոնից։

Մարդուն պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ գիտակցելով իրավիճակի զավեշտի ու սպառնալիքի հանգամանքը, նշել էր, որ Իսկանդերը խնդիր չի ունեցել՝ հորդորել էր թեմայով չծավալվել։

Ի դեպ, պաշտպանության նախարարն էլ հայտնվեց անհեթեթ վիճակում՝ նախարարությունը հայտարարեց, որ գեներալ Խաչատրյանի խոսքը խեղաթյուրել են, բայց դրան հետևեց վերջինիս ազատումը պաշտոնից։

Ստացվում է՝ չէր խեղաթյուրվել, ուղղակի Պաշտպանության նախարարն ու վարչապետը ինչպես մյուս հարցերով «շունը տիրոջը չի ճանաչում» կարգավիճակում են։

Ափսոս էր գեներալը, իսկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին և հավելել, որ դա լուրջ չէ:

Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը:

Նշենք, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը  արժանացել էր Ազգային հերոսի կոչման:

Տիրան Խաչատրյանը նախորդ տարի հունվարի 27-ին էր ստացել  գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ապա հունիսի 15-ին նշանակվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: