Անբարոյականություն է իրենց իշխանության բերած ժողովրդին ասել՝ կկրակենք․Արփինե Հովհաննիսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին


Անբարոյականություն է իրենց իշխանության բերած ժողովրդին ասել՝ կկրակենք․Արփինե Հովհաննիսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
Փետրվար 22 21:40 2021

Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը ենթագիտակցական վախի վկայություն էր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած անհնազանդության երթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, ապա թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու։

«Այն հանրահավաքը, որն իրենք կարծում էին, որ շատ վատ պետք է տեղի ունենա կամ ընդհանրապես պետք է տեղի չունենա, նրանց համար անսպասելի մարդաշատ էր։ Եվ պատահական չեմ համարում այդ վախից ժողովրդին հաթաթա տալը։ Չի անցնելու, և այստեղ առանձնահատուկ անբարոյականություն կա․ սա այն նույն ժողովուրդն է, որ իրենց իշխանության է բերել։ Ես իրենց չեմ հավատացել, իշխանության չեմ բերել, բայց այս մարդկանց մեջ բազաթիվ են մարդիկ, որոնք սկուտեղի վրա բանտիկով իրենց իշխանություն են տվել։ Ու հիմա այդ մարդկանց, ինչ է թե չեն համակերպվում հայրենիքի կորստի, դավաճանության արդյունքում եղած զոհերի ու վիրավորների հետ, պտտվել ու ասել, որ կկրակենք, առանձնահատուկ ստահակ է պետք լինել, ի դեպ, իրենց մեջ այդպիսիք շատ են»,- նշեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով վերջին օրերին աղմուկ բարձրացրած՝ ֆեյքի գործին, Արփինե Հովհաննիսյանն այն տիեզարական մասշտաբի խայտառակություն և անգրագիտություն որակեց։

«Փաստացի Ազգային անվտանգության ծառայությունը դարձել է խաղալիք մի խեղկատակի ձեռքում և զբաղված է ինչ-որ ֆեյքի որոնողական աշխատանքներով։ Ընդ որում՝ ֆեյքը շարունակում է գրել, ծավալում է գործունեություն՝ այդ թվում տելեգրամ ալիքով։ Չորս անձ ձերբակվալվել էին, որոնցից երկուսը կալանավորվել են։ Դրա համար որևէ իրավական հիմք չկա և միայն այն հանգամանքը, որ ֆեյքի տեխնիկական միջոցը, որը ցույց է տալիս թե որտեղից է մուտք գործել ֆեյքը, համընկել է այդ մարդկանց գտնվելու վայրի հետ, չի նշանակում, որ այդ մարդիկ այդ էջի վարողներն են։ Ես, իհարկե, չեմ արդարացնում նման նողկալի բառապաշարով գործունեություն, բայց այս մարդիկ չպետք է զարմանան, թե ինչու դրանք առաջացան․ այդ ամեն ինչի հիմնադիր հայրը իրենք են։ Արդյո՞ք այս հետպատերազմական երկրում մենք այլ խնդիր չունենք։ Մենք ԱԱԾ գերիների հարցով ոչինչ չենք անում, Ադրբեջանը թույլ չի տալիս կատարել որոնողական աշխատանքներ, որպեսզի մենք իմանանք թե քանի նահատակ զինվորի աճյուն ունենք այնտեղ և նրանց վերադարձնենք Հայաստան։ Մայրերի արցունքն իրենց աչքերին դեռ չի չորացել, այս մարդիկ ֆեյք են փնտրում ֆեյսբուքում։ Ես կարծում եմԱԱԾ-ն կատարում է քաղաքական պատվեր և Նիկոլ Փաշինյանը վրեժ է լուծում։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, որոնք իրենց գործունեության ընթացքում ակնհայտորեաշխատել են ադրբեջանական քարոզչության դեմ»,- նշեց նա։