Արա Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ


Արա Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Փետրվար 21 17:48 2021

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Նա հայտնեց, որ դատական ակտի հրապարակման ժամը դեռեւս հանտնի չէ։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին եւ քաղաքացի Արամ Սարգսյանին։

Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է։

Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: