Բիզնես խլելո՞ւ փորձ. Սուքիասյանը հրավիրվել է ԱԱԾ


Բիզնես խլելո՞ւ փորձ. Սուքիասյանը հրավիրվել է ԱԱԾ
Փետրվար 3 20:49 2021

Ազգային անվտանգության ծառայությունը օրեր առաջ հայտնել էր, որ հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի` օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72.014.112 ՀՀ դրամ, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով ՀՀ ներմուծված և փորձագետի կողմից 18.09.2020 թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420.000.000 ՀՀ դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ: ԱԱԾ հաղորդագրության համաձայն Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան ձերբակալվել է։ 

Նույն օրը ArmDay.am-ը գրել էր, որ ձերբակալված պաշտոնյային կաշառք տալու մեջ մեղադրվում են գործարարներ Արմեն և Արտակ Բաղիկյանները։ Վերջիններս մտերիմ հարաբերությունների մեջ են մեկ այլ գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ։ Մենք գրել էինք, որ Սուքիասյանի միջնորդությամբ էին Բաղիկյան եղբայրները ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինիս հրավիրել Աբովյանում հիմնած ադամանդի գործարանի բացմանը։ 

Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ բրիլիանտի գործի շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել են Բաղիկյան եղբայրները, ովքեր ևս բերման էին ենթարկվել։ Նրանք ուշագրավ անուններ են հնչեցրել, որոնց կանդրադառնանք առաջիկայում։ Բացի այդ տեղեկությունների համաձայն խոսք է գնացել այն մասին, որ այս կերպ ինչ-որ անձինք փորձ են անում խլել իրենց բիզնեսը։ Տրվել են կոնկրետ անուններ։ Այս պահին մենք զերծ կմնանք այդ անունները հրապարակելուց, և կհայտնենք լրացուցիչ ճշգրտումներ անելուց հետո։ 

Այսօր էլ ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ է հրավիրվել գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն նա հարցաքննվել է սույն գործի շրջանակներում։ Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել վերջինիս մամուլի խոսնակից։ Աննա Մկրտչյանը հարցը լսելուց հետո նախ ժամանակ խնդրեց այն ճշտելու համար, նշելով, թե մեզանից է այն առաջին անգամ լսում, որից հետո կտրուկ պատասխանեց, թե տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ 

Միաժամանակ կան տեղեկություններ, որ Սուքիասյանին ԱԱԾ հարցաքննության հրավիրելու պատճառը մեկ այլ գործարարի բողոքն է եղել։ Սուքիասյանը լուրջ խնդիրներ ունի Երևանում գործող ռեստորանային համալիրներից մեկի սեփականատիրոջ հետ, որի մասին մանրամասն կներկայացնենք հաջորդիվ։