Էկոնոմիկայի նախարարը ստորագրել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման հուշագիր


Էկոնոմիկայի նախարարը ստորագրել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման հուշագիր
Հունվար 27 18:11 2021

Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք կարևոր  հանդիպումներ է  ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Մասնավորապես ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ  է ունեցել ԻԻՀ նախագահի՝ գիտատեխնոլոգիական հարցերով տեղակալ Սորենա Սաթթարիի, ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդի, ինչպես նաև Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի հետ: Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել  նաև «Շասթա» հոլդինգի և «Մափնա» ընկերության տնօրինության հետ:  

«Նախարար Քերոբյանի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների և գիտության, ֆինանսատնտեսական, առևտրային, ներդրումների, տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում Հայաստան-Իրան համագործակցության հնարավորությունները և առաջիկա համատեղ ծրագրերը: Ստորագրվել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը և համատեղ ներդրումային ծրագրերի խրախուսմանը միտված համագործակցության հուշագիր»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պայմանավորվածություններ են  ձեռքբերվել ընթացիկ տարում մի շարք փոխայցելություններ կազմակերպելու վերաբերյալ:

Հիշեցնենք`ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։

Այցի շրջանակում նախատեսվում էին հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների և արտահանողների հետ, ինչպես նաև այցելություններ մի շարք ձեռնարկություններ, ընկերություններ և կազմակերպություններ։



loading...