Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու


Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու
Հունվար 24 17:57 2021

Pastinfo.am-ը գրում է․

«Թուրք – ադրբեջանական առաջիկա զորավարժություններն անակնկալ չեն, դրանք պարբերաբար տեղի են ունենում, այսինքն, ըստ էության, պլանային զորավարժություններ են, որ անցկացվում են հենց Կարսում: Կարսը, թուրքական զինված ուժերի տեղակայման առումով, մշտական վայր է համարվում, այստեղ նրանք մի քանի զորամասեր ունեն, ինչպես նաև՝ այստեղ է գտնվում զորավարժարանը», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմից այս զորավարժություններին ներգրավված են, մասնավորապես, Նախիջևանի առանձին համազորային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները, իսկ ռազմական տեխնիկայի տեսակետից՝ բացի հատուկ զորամիավորումներից, այնտեղ կլինեն նաև չորս միավոր տանկ՝ իրենց հատուկ անձնակազմով: Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է` փետրվարի 1-12-ը հայ – թուրքական սահմանին՝ Կարսում նախատեսվում է անցկացնել թուրք – ադրբեջանական պլանային «Ձմեռ» զորավարժությունները, որի ժամանակ , ներգրավելու են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Հարձակվողական բնույթի զորավարժությունների ընթացքում, բացի համապատասխան վարժանքներից, իրականացվելու են նաև օդային-դեսանտային փորձարկումներ նույնպես:

Թուրքական լրատվամիջոցի ձևակերպմամբ` զորավարժությունը նախատեսում է լինել վերջին ժամանակների ռազմական բնույթի ամենամեծ իրադարձություններից մեկը:

Անդրադառնալով Կարսի զորավարժությունների վտանգների թեմային, ռազմական վերլուծաբանը նկատում է՝ այն փաստը, որ զորավարժությունները պլանային են, դեռ չի նշանակում, որ այն իր մեջ հայկական կողմի համար վտանգներ չի ներառում.«Չմոռանանք, որ ամռանը Նախիջևանում անցկացված թուրք – ադրբեջանական զորավարժությունները նույնպես պլանային էին, որին, ընդամենը մեկ ու կես ամիս անց, հաջորդեց արցախյան պատերազմը: Իհարկե, հետախուզական վերլուծության տեսանկյունից, պլանային լինելու հանգամանքը բթացնում է հակառակորդի ուշադրությունը: Ինչ վերաբերում է ավելի առարկայական վտանգներին, ապա պետք է նկատենք, որ ցանկացած պարագայում, նմանօրինակ զորավարժություններն, առաջին հերթին, միտված են համատեղ աշխատանքների ներդաշնակեցմանը, ինչպես նաև՝ թուրքական և ադրբեջանական զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, ինչն, անխոս, Հայաստանի շահերից չի բխում: Ասեմ ավելին՝ Նախիջևանի առանձին համազորային բանակի հատուկ ջոկատայիններն, ինչպես արդեն տեսանք, ներգրավված էին արցախյան պատերազմի ակտիվ ռազմական գործողություններում: Այլ կերպ ասած, այսօրինակ զորավարժություններն, անպայման, իրենց արդյունքը տալիս են»:

Անդրադառնալով զորավարժությունների ընթացքում կիրառվելիք զինատեսակների թեմային, ռազմական փորձագետը նկատում է՝ այս պահին հստակ չի կարող ասել, թե կոնկրետ ի՞նչ զինատեսակներ կկիրառեն թուրք – ադրբեջանական զինված ուժերը Կարսում կայանալիք զորավարժությունների ընթացքում, սակայն մի բան հստակ է՝ զորավարժությունն, ըստ էության, հենց նրա համար է, որպեսզի փորձարկվեն դեռևս կիրառության մեջ չմտած զինատեսակները, պարզվեն դրանց օգտակարության և արդյունավետության ծավալները:

Այն, որ թուրքական մամուլն առաջիկա զորավարժութունը բնութագրում է, իբրև, վերջին ժամանակների համար ամենամեծն ու ծավալունը, ապա, արդյո՞ք սրանում, հակառակ կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելու միտումներ չկան, ռազմական վերլուծաբանը նկատում է՝ իր համար, առնվազն, անհասկանալի է թուրքական մամուլի այս սադրանքը.«Թուրքիայի արևելյան մասում՝ Կարսի հատվածում տեղակայված է այդ պետության՝ մեծությամբ երրորդ բանակը: Հետևաբար, տվյալ տարածքում անցկացվող զորավարժությունն էլ, ինքնին, մեծամասշտաբ պետք է լինի: Հիմա ես լավ չեմ հասկանում՝ ի՞նչ է ուզում դրանով ասել թուրքական մամուլը՝ որ առաջիկա զորավարժությունը մինչ այս եղած բոլոր զորավարժություններից ամենամե՞ծն են լինելու, թե՞ այդ տարածքում երևէ անցկացվածներից ամենամեծը …Հետևաբար, կարծում եմ, որ այսպիսի լուրերում մանիպուլացիայի մեծ բաժին կա»:

Ի՞նչ նպատակ են հետապնդում Կարսում անցացվելիք փետրվարյան զորավարժություններից առաջ, հայկական սահմանամերձ գյուղերի բնակիչների էվակուացման վերաբյալ լուրերը: Ըստ ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանի, դրանք պայմանավորված են նրանով, որ առաջիկա զորավարժությունները հետևում են բոլորովին վերջերս, արդեն իսկ տեղի ունցած պատերազմին, ստատուս քվոին և լարված իրավիճակին: Եթե սրան գումարենք նաև Թուրքիայի ունեցած դերակատարումն այդ պատերազմին, ինչպես նաև՝ այդ պետության կողմից չդադարող սպառնալիքները՝ Հայաստանի հասցեին, ապա այս ամենն, ըստ ռազմական փորձագետի, բնակիչների տարհանման վերաբերյալ լուրերին, ինչ - որ տեղ տրամաբանական ենթատեքստ են հաղորդում. «Նախիջևանյան զորավարժություններից հետո տեղի ունեցածն, ինչ – որ տեղ, ավելի զգոն լինելու առիթ է տալիս:

Հետևաբար, նույնը նաև Կարսի զորավարժություններին է վերաբերում, որ տեղի են ունենում հեպատերազմյան նոր իրավիճակում: Ինչ վերաբերում է տարհանման վերաբերյալ բուն գործողություններին, ապա, անկախ նրանից, թե ի՞նչ կանի հակառակորդը, կանի՞ թե՞ չի անի կամ թե որտե՞ղ կանի, կա գործողությունների հստակ պլան, որ այսպես թե այնպես պետք է պարտադիր կերպով կատարվի, որոնցից մեկն էլ՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տարհանումն է»:

Այնուամենայնիվ, արդյո՞ք ամենամոտ ապագույմ Հայաստանը կներքաշվի՞ նոր պատերազմի մեջ, այս անգամ արդեն Թուրքիայի սադրիչ հրահրմամաբ, ռազմական վերլուծաբանը քիչ հավանական է համարում, թեև չի էլ բացառում. «Այս հավասարման մեջ անհայտներն ու փոփոխականները չափազանց շատ են, իսկ իրականության ելքը, մեծ հաշվով, հենց սրանից է կախված: Կլինի՞ նոր պատերազմ, որի թիրախում այս անգամ, առավել մեծ հավանականությամբ, գերտերություններն են լինելու՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանն՝ ընդդեմ Թուրքիայի, ցույց կտա միայն ժամանակը: Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով, Հայաստանը պատերազմական գործողությունների ակտիվ թատերաբեմ է լինելու, ինչից խուսափել, կարծում եմ մեզ չի հաջողվելու»,- եզրափակում է զրույցը ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը:



loading...