ՀՌՀ որոշումը ցույց տվեց, որ իշխանությունները չեն հանդուրժում ազատ խոսք․ Շավարշ Գևորգյան


ՀՌՀ որոշումը ցույց տվեց, որ իշխանությունները չեն հանդուրժում ազատ խոսք․ Շավարշ Գևորգյան
Հունվար 21 23:13 2021

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը զրուցել է Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի հետ։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հունվարի 15-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվեց վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։ Հեռուստաընկերությունն իր տարածած հայտարարության մեջ որոշումը ոչ իրավաչափ և խտրական էր համարել և նշել, որ պայքարելու են վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար:

Ինչո՞ւ եք որոշումը համարում խտրական և ինչպե՞ս եք պայքարելու եթեր վերադառնալու համար։

Ասեմ, որ ունենք բավարար հիմքեր, դեռ մի բան էլ ավելին, համարելու, որ մեր հանդեպ կայացվել է խտրական և ոչ իրավաչափ որոշում: Մանրամասների մեջ չեմ ցանկանում խորանալ, քանի որ դատական պրոցես է գնալու և խաղաքարտեր բացելու ժամանակը չէ: Ամեն ինչ հերթով, կարգով և կանոնով: Ինչպես հասկացաք վիճարկելու ենք բոլոր հնարավոր օրինական ձևերով:

Ինչո՞ւ էիք դիմել միայն հանրապետական սփռման իրավունքի համար։ Եթե դիմեիք մայրաքաղաքային սփռման համար, մրցույթային շեմը կհաղթահարեիք։ Հիմա մայրաքաղաքայինի համար մեկ թափուր տեղ է մնացել, մեկ ամիս անց մրցույթ է հայտարարեվելու, դիմելո՞ւ եք։

Երկու շատ պարզ պատճառով ենք դիմել միայն հանրապետական սփռման համար. 1-ին որովհետև Հայկական երկրորդ հեռուստաալիքն իր՝ ավելի քան 20 տարվա պատմության մեջ մշտապես հեռարձակվել է հանրապետական սփռմամբ և 2-րդ, որովհետև բարոյական չենք համարել մտնել մի տիրույթ, որը մերը չէ և այդպիսով նվազեցնել մայրաքաղաքային սփռում իրականացնող մեր գործընկերների շանսերը: Ինչ վերաբերում է առաջիկա մայրաքաղաքային մրցույթին մասնակցելուն, ապա ասեմ, որ այս պահին մենք պայքարում ենք հանրապետական սփռման մեր իրավունքը վերականգնելու համար:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ դուրս մնացած երկու հեռուստաընկերությունները՝ «Ա1+»-ն ու Հայկական երկրորդ հեռուստաալիքը շատ ինքնավստահ են եղել և համարել են, որ իրենց ներկայացրած ծրագիրը և անցած ուղին մրցակցությունից դուրս են և ամենալավն են կամ չեն ցանկացել լինել մուլտիպլեքսում, և այդ չցանկությունը փորձել են բարդել հանձնաժողովի վրա, և հույսը դրել են ոչ թե հանձնաժողովի որոշումների անկախության, այլ ինչ-որ այլ գործոնների վրա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

Ես կփորձեմ պատասխանել մեր մասով և նախ ինքնավստահության մասին. ինքնավստահ լինելու մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, եթե Տիգրան Հակոբյանն ինքնավստահ ասելով այլ բան նկատի ունի, կխնդրեմ այլ եզրույթ օգտագործի: Ինչ վերաբերում է անցած ուղուն և մրցակցությունից դուրս լինելուն. ասեմ, որ լիցենզիայի համար դիմած բոլոր ընկերություններին, այդ թվում նորաստեղծ, երբևէ եթերում չեղած ընկերություններին էլ մենք մեզ մրցակից ենք համարում և հարգում ենք բոլորի ձգտումները: Ամենալավը լինելու մասով դատողը հեռուստադիտողն է և ոչ ՀՌՀ-ը: ՀՌՀ-ը իրավունք ունի դատել միայն օրենքով նախատեսված չափորոշիչներով, որոնցով, ըստ մեզ հանձնաժողովի անդամների առնվազն մի մասը չի առաջնորդվել և դա է պատճառը, որ ՀՌՀ որոշումը համարում ենք խտրական և ոչ իրավաչափ: Մուլտիպլեքսում չլինելու ցանկությանը վերաբերող Տիգրան Հակոբյանի մեղադրանքին հումորով եմ վերաբերվում, հանձնաժողովի վրա բարդելու մեղադրանքին՝ նույնպես: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ չցանկության դեպքում կամ չէինք դիմի ընդհանրապես կամ եթերազրկումից հետո չէինք շարունակի հեռարձակումը մյուս բոլոր հնարավոր հարթակներում, ինչպիսիք են մալուխային ցանցերը, Յութուբն ու Ֆեյսբուքը: Հանձնաժողովի վրա ինչ-որ բան բարդելու մասով պարզապես կլռեմ (ժպտում է): Իսկ ինչ վերաբերում է Հակոբյանի նշած այլ գործոնների վրա հույս դնելուն, ճիշտն ասած լավ չեմ հասկանում ինչ գործոն նկատի ունի Հանձնաժողովի նախագահը, հենց կասի, մի բան էլ ավել մենք էլ մերը կասենք:

Ի դեպ, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իրար հակասող հայտարարություններ արեց։ Մրցույթի շրջանակում ասում էր, որ ոչ մեկ չի զրկվելու եթերից, սա նոր մրցույթ է, կարող են միավորները չբավարարել, բայց որևէ հեռուստաընկերություն չի փակվելու։ Իսկ արդյունքում եղավ այն, ինչ եղավ։

Ստացվում է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ փակվեց «Ա1+»-ը, որի հարցը նոր իշխանությունների օրոք էլ չլուծվեց, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք փակում են Հ2-ը, թեև ձեր հեռուստաընկերության նկատմամբ ընդգծված վերաբերմունք չի նկատվել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանության քաղաքականությունը կապված լրատվամիջոցների անկախության հետ։

Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ: Ճիշտ հակառակը հենց մեր հեռուստաընկերության նկատմամբ է եղել այդ ընդգծված իշխանական բացասական վերաբերմունքը: Այս իշխանություններն իրենց պաշտոնավարման առաջին իսկ օրից ունեցել են այդ վերաբերմունքը, և այդ վերաբերմունքն արտահայտվել է կոնկրետ քաղաքական հետապնդման ձևով: Կարծում եմ՝ ոչ ոք չի մոռացել ոչ վաղ անցյալում մեր հեռուստաընկերության սեփականատիրոջ նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները՝ քրեական գործեր կարելու միջոցով: Ովքեր չեն հիշում ասեմ, որ Սամվել Մայրապետյանին, որը հեռուստաընկերության սեփականատերն ու ֆինանսավորողն է, կալանավորեցին, ավելին՝ կալանք դրեցին նրա անձնական բոլոր հաշիվների, ակտիվների և փայաբաժինների վրա: Միայն ՄԻԵԴ-ի միջոցով Մայրապետյանը ազատ արձակվեց կալանքից և հիմա բուժման նպատակով արտերկրում է: Ի դեպ, բուժման պահը չշահարկելու համար ասեմ, որ Մայրապետյանը ծանր հիվանդ էր դեռ 2016 թվականից և երբ այդ փաստը անտեսելով նրան կալանավորեցին նրա առողջականն է՛լ ավելի վատթարացավ հասնելով ընդհուպ կյանքին սպառնացող վիճակի:

Հաջորդ ճնշող քայլը, որով փորձեցին լռեցնել ազատ խոսքը դա նույն այդ ՀՌՀ-ի միջոցով վարչական երկու վարույթ հարուցելն էր հեռուստաընկերության վրա: Ընդ որում, բացարձակապես անհիմն: Մենք, իհարկե, դա վիճարկեցինք դատարանում և հաղթեցինք ՀՌՀ-ին և այդ մասին, նույնիսկ, չբարձրաձայնեցինք: Ուրիշ մեկը հիմա ամեն Աստծո օր թմբկահարել էր այդ հաղթանակի մասին: Բայց մենք մեզ պահեցիքն մեր պես՝ արժանապատիվ և լռելյայն շարունակեցինք զբաղվել մեր բուն առաքելությամբ: Հերթական և, ըստ իրենց, վերջնական ճնշումը մեզ եթերազրկելու այս ակտն էր, որն իրականացավ ՀՌՀ անդամների մի մասի ոչ պրոֆեսիոնալ վարքագծի պատճառով: Ահա և իշխանությունների վարած քաղաքականությունը կապված անկախ լրատվամիջոցների հետ: ՀՌՀ անդամներից մի քանիսն իրենց որոշմամբ ցույց տվեցին, որ իշխանությունները չեն հանդուրժում ազատ խոսք: Եվ թող չասեն, որ Հանձնաժողովը անկախ մարմին է և իրենք առաջնորդվել են խղճի մտոք:

Երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո լրատվամիջոցների հանդեպ բազմաթիվ ճնշումներ եղան։ Ինչպես հասարակությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, այնպես էլ լրատվամիջոցներին՝ յուրայինների և ոչ յուրայինների։ Իշխանական ներկայացուցիչները հարցազրույցներ ու մեկնաբանություններ են տալիս հիմնականում Հ1-ին ու Ազատությանը, իսկ իշխանության տեսակետները չկիսող լատվամիջոցներին վարկաբեկում են ամենատարբեր ձևերով, հաճախ՝ չարաշահելով պաշտոնական դիրքն ու դիմելով գռեհկությունների։ Ի՞նչ խնդիր ունեն իշխանությունները Հ2-ի հետ, ինչո՞վ այն նրանց դուր չի գալիս, ճնշելու փորձեր եղե՞լ են։

Սկսեմ հարցի վերջից և որպեսզի չկրկնվեմ, ասեմ հետևյալը: Ի դեմս ՀՌՀ-ի՝ գործող իշխանություններն այս քայլով ցույց են տալիս իրենց փոքրոգիությունը մարզաբնակ մեր հեռուստադիտողների հանդեպ: Իրենց այս քայլով նրանք վնասել կամ խախտել են մասնավորաբար մարզաբնակ մեր հեռուստադիտողների տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների միայն Հ1-ին և Ազատությանը հարցազրույց տալուն. դրա ամենաթարմ օրինակի ականատեսը եղել է մեր թղթակիցը օրերս ՀՌՀ-ում, իսկ ավելի կանկրետ Տիգրան Հակոբյանի ընդունարանում, որտեղ ակնկալելիս է եղել երկու կարճ հարցի պատասխան, բայց Հակոբյանը Ազատության նկարահանող խմբի հետ սենյակից դուրս է եկել և հրաժարվել է մեզ էլ տալ հարցազրույց, ի դեպ նույն թեմայով, ինչի մասին էր Ազատության տեսանյութը: Կասեք Տիգրան Հակոբյանը իշխանության ներկայացուցիչ չէ, ես էլ կասեմ հետևություններ արեք ինքներդ: Իսկ Ազատության լրագրողին, առիթից օգտվելով տեղեկացնեմ, որ մեր հեռուստաընկերության անունը ոչ թե Հանրային երկրորդ հեռուստաալիք է, այլ Հայկական երկրորդ հեռուստաալիք, և եթե փորձ աներ բազմակողմանիություն ապահովելու նպատակով մեր կարծիքն էլ լսեր և տեսանյութում զետեղեր, թերևս Հ2-ի ճիշտ անվանումն էլ կիմանար:

Ինչպե՞ս կգնահատեք Ձեր գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում։ Համաձա՞յն եք հնչող այն կարծիքների հետ, որ հեռուստաընկերությունն ավելի շատ լսարանին պահում է ֆիլմերով ու ֆուտբոլով։

Մեր հեռուստաընկերության գնահատականը լավագույնս տալիս է հեռուստադիտողը, ես չէ որ պետք է գնահատեմ այն: Հեռուստաընկերության գործունեությունը գնահատում են մասնագիտացված կառույցները, որոնց հետ տարբեր ձևաչափերով համագործակցում է հեռուստաընկերությունը: Օրինակ Երևանի Մամուլի ակումբի Էթիկայի կանոնագրի, որին միացած ենք դեռ 2010-ից որևէ խախտման մասին վարույթ չի քննվել: Հեռուստաընկերության գործունեությունը գնահատել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որը գնահատել է մեր աշխատանքը համապետական ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման համար, որի միայն դրական գնահատականներին ենք արժանացել: Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե լսարանին պահում ենք ֆիլմերով ու ֆուտբոլով, դա մեղմ ասած իրականության հետ որևէ աղերս չունի:

Ասացեք խնդրեմ ֆուտբո՞լ է, թե՞ ֆիլմ բազմահազար հեռուստադիտողների կողմից սպասված «Չէին սպասում»-ը, «Մագավտո»-ն, Զառա Արամյանի «Համով զրույցն» ու «Գայանե Փայտյանի հետ զրույցը», կանանց կողմից շատ սիրված «Ի՞նչ եփել այսօր»-ն ու «Ի՞նչ է ուզում կին»-ը, ազգային, հոգևոր, մշակութային և համամարդկային արժեքներ քարոզող Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի «Հոգևոր անվտանգություն» ու «Կարճ կարևորի մասին» հեռուստաշարքերը, մշտապես բազմակարծություն և անաչառ լրատվություն ապահովող դասական լրատվական ծրագրի համարում ունեցող «Լրաբեր»-ն ու «Խոսքի իրավունք»-ը, «Մի մեդալի պատմություն»-ն ու «Պերսոնա»-ն: Ի դեպ, Հ2-ը միակ հեռուստաընկերությունն է, որը երբևէ տուրք չի տվել ցածրաճաշակ և ցածրորակ հեռուստասերիալներ և հաղորդումներ արտադրելու միջոցով էժան վարկանիշ ապահովելու մոլուցքին: Կարծում եմ այլ բան ասելու կարիք չկա: Պարզապես որոշ անձինք այդպես են ցանկանում տեսնել իրականությունը, որպեսզի կոծկվի հանգամանքը, որ այն ինչ արվել է Հ2-ի և նրա սեփականատիրոջ նկատմամբ միայն ու միայն քաղաքական որոշման հետևանքն են:

 



loading...