Ավելի քան 3000-ամյա պատմություն. հնագետները Եգիպտոսում 54 հնագույն սարկոֆագ են հայտնաբերել (լուսանկարներ)


Ավելի քան 3000-ամյա պատմություն. հնագետները Եգիպտոսում 54 հնագույն սարկոֆագ են հայտնաբերել (լուսանկարներ)
Հունվար 21 00:51 2021

Հնագետները Կահիրեից հարավ գտնվող Սակարա դամբանադաշտում 54 փայտե սարկոֆագ են հայտնաբերել, որոնք ավելի քան 3 հազար տարեկան են, հաղորդում է Reuters-ը:

Հայտնաբերվել է նաև Նեյթ թագուհու հուղարկավորության տաճարը, նրա ամուսնու՝ Եգիպտոսի 6-րդ դինաստիայի թագավորի Թեթիի բուրգի մոտ․ այն շուրջ 4200 տարվա վաղեմություն ունի։

Հնագիտական առաքելության ընթացքում, որը ղեկավարել է Զահի Հավասը, հայտնաբերվել են նաև խաղեր և արձաններ։

«Այդ բոլոր հայտնագործությունները վերաշարադրելու են Սակարայի և Նոր Թագավորության պատմությունը»,- վստահեցրել է Հավասը:

Ավելի վաղ նույն վայրում հայտնաբերվել էին Հին Եգիպտոսի (մ.թ.ա. 662-332) և պտղոմեացիների (մ.թ.ա. 332-30 թթ.) ուշ շրջանի սարկոֆագներ և այլ առարկաներ։

Երկրի իշխանությունները ցանկանում են նոր հայտնաբերված արտեֆակտները ներկայացնել հանրությանը, քանի որ կորոնավիրուսի ֆոնին Եգիպտոսի զբոսաշրջային ոլորտը մեծապես տուժել է: