Հունվարի 11-ի բանակցություններում խոսք չկա ՀՀ-Ղազախ-Թբիլիսի-ՌԴ ճանապարհի ապաշրջափակման մասին. Ենոքյան


Հունվարի 11-ի բանակցություններում խոսք չկա ՀՀ-Ղազախ-Թբիլիսի-ՌԴ ճանապարհի ապաշրջափակման մասին. Ենոքյան
Հունվար 13 21:25 2021

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով մի քանի հանգամանքներ Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ:

«Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Թուրքիան միացավ Հայաստանի շրջափակմանը՝ արգելելով Գյումրի-Կարս երկաթուղով փոխադրումները, որով մարդիկ եւ բեռները Հայաստանից հասնում էին Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք։ Անկարան շրջափակեց նաեւ Հայաստանից Թուրքիա տանող ավտոմայրուղիները։

Հայաստանից Ադրբեջանով դեպի Ռուսաստան է տանում նաեւ Իջեւան-Աղստաֆա երկաթուղին, ինչպես նաեւ խորհրդային տարիներին ամենակարճ ճանապարհն էր համարվում Հայաստան-Ղազախ-Թբիլիսի-Ռուսաստան ավտոմայրուղին։ Վերջինս դեպի Ռուսաստան մարդկանց եւ բեռների ավտոփոխադրումների ամենաբանուկ ճանապարհն էր։

Հունվարի 11-ի բանակցություններում խոսք անգամ չկա այս ճանապարհների ապաշրջափակման մասին, ինչը հայտարարված սպասվող տնտեսական համագործակցության պայմաններում ամենաբնական ճանապարհներն էին Հայաստանի զարգացման համար։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ։

Փոխարենը ապաշրջափակվում է Ադրբեջանը։ Հայաստանի հարավով անցնող ճանապարհների վերագործարկման եւ նոր ճանապարհների կառուցման շնորհիվ այն ամբողջապես լուծում է իր խնդիրները։ Ինչպես նաեւ իր խնդիրներն է լուծում Ռուսաստանը, որը այս ճանապարհների շնորհիվ կտրուկ ավելացնելու է իր ռազմական ներկայությունը Հայաստանի հարավում եւ ըստ էության Հայաստանին զրկելու է իր սուվերեն տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողությունից եւ իշխանությունից»,- գրել է Ենոքյանը։



loading...