Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները Երևանի տարբեր հատվածներում մի շարք փողոցներ են փակել (տեսանյութեր)


Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները Երևանի տարբեր հատվածներում մի շարք փողոցներ են փակել (տեսանյութեր)
Դեկտեմբեր 25 20:34 2020

Երևանի տարբեր փողոցներում այսօր երեկոյան բողոքի ակցիաներ իրականացվեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Տարբեր հատվածներում փակվել էին ճանապարհները, ցուցարարները վանկարկում էին՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ հեռացիր»։

Կաթվածահար էր եղել մայրաքաղաքի երթևեկությունը․ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկը փակած քաղաքացիներն ավելի ուշ երթով հասան Հանրապետության հրապարակ։ Ակցիայի ընթացքում բերման ենթարկվեց մի քանի քաղաքացի։

 

Փակ էր նաև Մյասնիկյան պողոտան․ այստեղ ճանապարհը փակել էին բեռնատարները։

Քաղաքացիների մեկ այլ խումբ փակել էր Աբովյան պուրակին հարակից ճանապարհը՝ դեպի Սարալանջի մայրուղի։

Ակցիայի մասնակիցներից մեկը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։ Հարցին էլ՝ արդյո՞ք փողոցներ փակելն այն ճանապարհն է, որով կարող են հասնել իրենց նպատակին, քաղաքացին արձագանքեց․

«Ինքը հենց այս ճանապարհով եկավ իշխանության, բոլորին խաբեց, նստեց վարչապետի աթոռին՝ նախկիններին փնովելով։ Իր հետ պետք է խոսել իր լեզվով։ Նախկիննների վրա կեղտ լցնելով՝ չի կարող երկար ժամանակ մնալ այդ աթոռին։ Ժողովուրդը հասկացավ՝ նա ինչ ստախոս է»,-ասաց նա։

Փաշինյանի հրաժարականը պահանջող մեկ այլ քաղաքացի, դիմելով հայրենակիցներին, կոչ արեց միանալ ակցիաներին․ «Այլևս անհնար է այս երկրում այսպես ապրելը։ Ով մի քիչ թասիբ ունի, թող միանա։ Չի կարելի ապրել այնտեղ, որտեղ ամեն օր կատարվում է դավաճանություն»,-նշեց նա։

Փաստաբան Բենիկ Գալստյանը, որը անհնազանդության ակցիաներից մեկին ներկա էր՝ քաղաքացիներին հարկ եղած դեպքում օգնություն տրամադրելու համար, ասաց, որ տարբերակված մոտեցում է նկատել։

«Երբ քաղաքացին գոռում է «Նիկոլ, հեռացիր», իրեն կարող են բերման ենթարկել, իսկ քաղաքացին, որ հայհոյեց իր կարծիքն արտահայտող քաղաքացուն, նրան ուղղակի ներքև ուղեկցեցին»,-ասաց նա՝ նշելով, թե արդարացի մոտեցում է ակնկալում։